Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:
Քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու Երևանի և Հնդկաստանի քաղաքների միջև հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը: Երևանի քաղաքապետը կարևորել է նաև փոխադարձ այցելություններն ու քաղաքների միջև փորձի փոխանակման ծրագրերը:
Իր հերթին դեսպան Կիշան Դան Դևալը, ընդգծելով հայ-հնդկական հարաբերությունների հարուստ պատմությունը, առաջարկել է կոնկրետ ուղղություններով խորացնել հարաբերությունները հատկապես հայաշատ և հայկական ժառանգություն ունեցող հնդկական քաղաքներում:
Զրուցակիցները քննարկել են նաև Երևանում Հնդկաստանի ազգային հերոս Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու գաղափարը: