Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ Գորդոն Սոնդլենդը հրավիրվել էր երկրի նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով հետաքննության շրջանակում վկայություն տալու նպատակով: Բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ հետևել է ԱՄՆ նախագահի հրահանգներին, որի համաձայն՝ ճնշումներ են գործադրվել Ուկրաինայի վրա՝ դեմոկրատ քաղաքական մրցակից Ջո Բայդենի գործով հետաքննություն անցկացնելու համար:
ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդի հավաստմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգներն արվել են Սպիտակ տան ղեկավարի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի կողմից: Նա նշել է, որ իրենք աշխատել են միայն Ջուլիանիի հետ և կատարել են նախագահի հրահանգները:
«Մենք չէինք ցանկանում աշխատել Ջուլիանիի հետ, սակայն կատարել ենք մեր աշխատանքը: Մենք բոլորս հասկանում էինք, որ եթե հրաժարվենք Ջուլիանիի հետ գործակցությունից, կկորցնեինք ԱՄՆ-ի և Ուկրաինայի հարաբերությունները լավացնելու կարևորագույն հնարավորությունը: Հետևաբար, մենք կատարել ենք նախագահի հրահանգները»:
Միաժամանակ Սպիտակ տունը պնդում է, թե ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդի ցուցմունքներն ապացուցում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղավոր չէ: