Թբիլիսիում կառավարության շենքի դիմաց սկսված բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրենք խորհրդանշական կերպով շրջափակելու են շենքը: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ ցուցարարները շրջափակում են տարբեր կառավարական շենքեր. ավելի վաղ շրջափակվել էր նաև դատախազության շենքը:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալման պատճառով:
Ցուցարարները հայտնել են, որ իրենք բողոքի ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն անցնի համամասնական ընտրակարգով:
Ավելի վաղ՝ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին նշել էր, որ 2020 թվականի ընտրությունները կանցնեն համամասնական ընտրակարգով, որից հետո, հոկտեմբերի վերջին, խորհրդարանն անցել է Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ անելուն, սակայն իշխող կուսակցությունից շատ պատգամավորներ, որոնք ընտրվել էին մեծամասնական համակարգով, չեն աջակցել այս ծրագրին, ինչի պատճառով այն տապալվել է: