Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ ասիական երկրներ շրջագայությունը մեկնարկել է Թաիլանդից: Կաթոլիկ աշխարհի հովվապետը Բանգկոկում հանդիպել է կառավարության անդամների, քաղաքական գործիչների ու հոգևոր առաջնորդների հետ: Պապը խիստ քննադատել է Թաիլանդում կանանց ու երեխաների շահագործումը՝ այն որակելով «բռնություն և ստրկություն, ինչն անհրաժեշտ է արմատախիլ անել»:
«Ես մտածում եմ մեր ժամանակների բոլոր կանանց ու երեխաների մասին, մասնավորապես՝ նրանց, որոնք տուժել են, բռնության են ենթարկվել, շահագործվել կամ ստրկացվել են»,- հայտարարել է Հռոմի պապը:
Հռոմի պապի մտահոգությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թաիլանդը հայտնի է նաև, այսպես կոչված, «սեքս-տուրիզմ»-ով: Ասիական այս երկիրը տարեկան ընդունում է 35 միլիոն զբոսաշրջիկի, և Թաիլանդի կառավարությունն ամեն ինչ անում է երկրի վատ վարկանիշը վերացնելու համար:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շաբաթ օրը կուղևորվի Ճապոնիա: