Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ հանդիպում է կազմակերպվել Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի (ԿԲՀ) անդամների, զինապարտների հետազոտում, փորձաքննություն և բուժում իրականացնող բժշկական կազմակերպությունների հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ` քննարկելու 2019 թվականի
ձմեռային զորակոչի հետ կապված խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները:
Քննարկումն անցկացրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Անդրադառնալով զորակոչային փորձաքննության գործընթացի պատշաճ կազմակերպմանը` նախարարը նշել է, որ բժշկական կազմակերպություններից ակնկալվում է, որպեսզի բավարար ռեսուրսներ ներդրվեն փորձաքննությունները կազմակերպելու ժամանակ` հետաձգման և վերջին օրերին կուտակման
խնդիրներին չբախվելու համար:
Խոսվել է զինկոմիսարիատների և զինապարտների փորձաքննություն իրականացնող
կազմակերպությունների միջև ակտիվ համագործակցության, ամենօրյա ռեժիմով համատեղ աշխատանքների կազմակերպման, ուղեգրումների պլանավորման և հոսքերի կառավարման մասին:
Հայաստանի զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը բարձրաձայնել է զորակոչային գործընթացի ժամանակ ի հայտ եկած խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ հնչել են առաջարկություններ:
Ներկաներն անդրադարձել են նաև փորձաքննությունների որակի և արդյունքների անաչառությանը: Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ առողջապահական և զորակոչի համակարգի բարելավման արդյունքում աստիճանաբար հասնելու են փորձաքննական այնպիսի վիճակի, որ զորակոչի ժամանակ ԿԲՀ-ի աշխատանքները ընթանան ավելի սահուն:
«Ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի կատարման մասով պետք է հետևողական լինենք թե՛ հետազոտությունների ծավալների, թե՛ գործընթացների փուլերի պահպանման առումով»,- ասել է նախարարը:
Հնչել են նաև փորձաքննության բուն գործընթացի կազմակերպման հետ կապված հարցեր, որոնց առնչությամբ առաջարկվել է հետագայում կազմակերպել մասնագիտական քննարկումներ` շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:
Ամփոփելով հանդիպումը` Արսեն Թորոսյանը պատասխանատուներին հանձնարարել է 2019 թվականի ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման նպատակով ապահովել բժշկական փորձաքննության գործընթացի լիարժեք իրականացում: