Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն, որտեղ նոյեմբերի 22-ին կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին:
Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի շրջանակում կազմակերպվող այս գագաթնաժողովին հրավիրված են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարները, որոնք կներկայացնեն իրենց երկրների ու տարածաշրջանի ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև՝ ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Արևելյան գործընկերության ղեկավարների լիագումար նիստին, որը նվիրված է ներդրողների համար ստեղծվող հնարավորություններին: Գագաթնաժողովը միտված է ներդրողների ավելի մեծ ուշադրությունը հրավիրել Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջաններին, բարձրացնել ներդրողների իրազեկվածության մակարդակը, խթանել Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության աճը:
Ներդրումային գագաթնաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը կունենա նաև երկկողմ հանդիպումներ։