Ռուսաստանի բարձրագույն կրթության և գիտության նախարար Միխայիլ Կոտյուկովի հրավերով այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Մոսկվայում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը, որտեղ նա հանդես է եկել ելույթով:
Իր խոսքում նախարար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես նշել է.
«Ժամանակակից գլոբալ աշխարհում առկա միտումներն այնպիսին են, որ գիտական միտքը և առաջատար տեխնոլոգիաները որոշում են գրեթե բոլոր պետությունների տնտեսական և սոցիալական զարգացման մակարդակը: Աշխարհի առաջատար երկրները վաղուց են իրենց ջանքերը կենտրոնացնում՝ ընդհանուր նպատակների հասնելու համար, քանի որ առաջընթացն ուղեկցվում է ոչ միայն քաղաքական, տնտեսական և իրավական, այլ նաև գիտական և տեխնոլոգիական կապերի ընդլայնմամբ և զարգացմամբ:
Այս հանդիպմանը մենք կքննարկենք ոչ միայն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների գիտատեխնիկական գործընկերության զարգացման հեռանկարները, այլ նաև կխթանենք նոր համատեղ գիտական հետազոտությունների իրականացումը:
Հայաստանում գիտատեխնիկական և նորարարական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային գիտական հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը: Մենք միջազգային համագործակցության մեծ փորձ ենք կուտակել՝ հիմնարար և կիրառական հետազոտությունների բնագավառում համատեղ նախագծեր իրականացնելու համար: Միջպետական, միջգերատեսչական և ինստիտուցիոնալ կապերի շնորհիվ մեր երկիրը երկկողմանի գիտատեխնիկական համագործակցություն է ծավալում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են՝ Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան: Գործընկերային հետազոտական դրամաշնորհները ֆինանսավորվում են մրցակցային հիմունքներով, ստեղծվում են համատեղ լաբորատորիաներ և այլն:
Բավականին հաջող է ընթանում մեր համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ. 2013 թվականից ի վեր՝ Ռուսաստանի Հումանիտար գիտական և Հիմնական հետազոտությունների հիմնադրամների հետ իրականացվել են տարբեր բնագավառների ավելի քան 100 համատեղ նախագծեր: Բացի այդ, ՌԴ գիտության և տեխնոլոգիաների բնագավառում, փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու հիմնադրամի հետ համաձայնագրի շրջանակում, մրցակցային հիմունքներով իրականացվել է 10 համատեղ նախագիծ՝ ուղղված հատուկ կիրառական արդյունքների:
2011 թվականից ի վեր՝ զարգանում է նաև հայ-բելառուսական գիտատեխնիկական համագործակցությունը՝ հիմնվելով համապատասխան միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի և պայմանագրերի վրա. մի շարք ոլորտներում արդեն հաջողությամբ իրականացվել է ավելի քան 60 համատեղ նախագիծ:
Մենք արդյունավետ համագործակցում ենք նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: 2012 թ.-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գիտության և տեխնոլոգիայի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, իսկ 2019-ին համապատասխան գերատեսչությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ երկրաշարժի ուսումնասիրության բնագավառում, որի հիման վրա ստեղծվում է համատեղ լաբորատորիա:
Հայաստանը հանդիսանում է «Մետաքսի ճանապարհ» բարձր տեխնոլոգիական գոտու ասոցիացիայի հիմնադիր երկրներից մեկը, որի նպատակը մասնակից երկրների կազմակերպությունների և ձեռնարկությունների միջև փոխշահավետ գիտական և տեխնոլոգիական կապերի ամրապնդումն է, համատեղ նախագծերի իրականացումը: Ասոցիացիան ստեղծվել է 2016 թվականին՝ Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի և այլ երկրների ներկայացուցիչների կողմից:
Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է մի շարք խոշոր միջպետական գիտական համագործակցությունների, ինչպիսիք են, օրինակ, CERN /Conseil Européen pour la Recherche Nucléaire, Ժնև, Շվեյցարիա/ Միջուկային հետազոտությունների համատեղ ինստիտուտը /Դուբնա, Ռուսաստան/, իսկ 2016 թվականից հանդիսանում է Եվրոպական միության ութերորդ շրջանակային ծրագրի ասոցացված անդամ` «Հորիզոն 2020» գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման համար:
Հայաստանը նաև ստորագրել է «Գիտական հետազոտությունների խթանման Եվրասիական ասոցիացիայի ստեղծման» հուշագիր, որին մասնակցում են Եվրասիական տարածաշրջանի մի շարք պետություններ՝ ներառյալ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամներն ու դիտորդ պետությունները:
Մենք Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների հետ պատրաստ ենք զարգացնել գիտական և տեխնիկական համագործակցությունը հետազոտական տարբեր բնագավառներում, այդ թվում` առաջարկված գերակա ոլորտներում. մասնավորապես՝ բնապահպանական տեխնոլոգիաներ, էներգաարդյունավետություն և էներգախնայողություն, նորարարական տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա և բիոինժեներիա, նանոտեխնոլոգիաներ և այլն: Առաջարկում ենք թվարկածներին ավելացնել մեր տեսանկյունից երկու կարևորագույն ոլորտ՝ արհեստական բանականություն և ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործում»,- նշել է նախարարը: