Նոյեմբերի 19-ին Իսլանդիա կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մասնակցել է «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով խորհրդաժողովին, որի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոթիրը (Katrín Jakobsdóttir) և Իսլանդիայի խորհրդարանի խոսնակ Ստեինգրիմուր Սիգֆուսոնը (Steingrímur J. Sigfússon)։
Խորհրդաժողովի շրջանակում Աննա Հակոբյանը առանձնազրույց է ունեցել
Լիտվայի պաշտոնաթող նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի (Dalia Grybauskaitė)
հետ։ Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է կանանց լիարժեք
ներգրավվածությունը հասարակական-քաղաքական գործընթացներում։ Կողմերը
պատրաստակամություն են հայտնել համապատասխան ծրագրեր մշակել այդ
ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։
Նույն օրը վարչապետի տիկինը հանդիպել է «Կին քաղաքական առաջնորդների
գլոբալ ֆորումի» խորհրդի նախագահ Հաննա Բիրնա Կրիստիանսդոթիրի հետ (Hanna
Birna Kristjánsdóttir)։ Զրուցակիցները քննարկել են հնարավոր համագործակցության հեռանկարները, անդրադարձել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրերի։
Ռեյկյավիկում տեղի ունեցած խորհրդաժողովի ընթացքում տիկին Հակոբյանը մասնակցել է նաև «Համագործակցության լավագույն օրինակները» խորագիրը կրող աշխատանքային ճաշին։