Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13:59-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3» կանչի:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան 10 հասցեում գտնվող ռեստորանի տանիքում: Այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը:
Դեպքի վայրում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Ժամը 16:08-ին հրդեհը մեկուսացվել է, 17:00-ին՝ մարվել: Հրդեհի հետևանքով այրվել է Աբովյան 10 հասցեում գտնվող ռեստորանի տանիքը՝ ամբողջությամբ (650 քմ), 2-րդ հարկի մոտ 350 քմ հատվածը, ինչպես նաև Պուշկինի 10 հասցեում գտնվող շինության փայտյա կառուցատարրերը՝ մոտ 5 քմ: