Այսօր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպումը։ Հանդիպման ընթացքում ելույթ է ունեցելՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա անդրադարձել է Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու պատճառներին:
«Առաջինը պատմականն է: Հարյուր տարի առաջ սիրիացիները պատսպարեցին Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի: Եվ այսօր, երախտագիտությամբ հիշելով այդ ժամանակ ցուցաբերած աջակցությունը, մենք, պատկերավոր ասած, ձգտում ենք վերադարձնել պարտքը, օգնել Սիրիային, որը հիմա դժվարության մեջ է, և ինքն ունի օգնության կարիք:
Երկրորդ գործոնը Սիրիայում խոշոր հայկական համայնքի առկայությունն է: Մեր պետությունը պատասխանատվություն է զգում արտերկրում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ: Այդ պատճառով սիրիական կառավարության կողմից պաշտոնական դիմումին համապատասխան, Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ որոշում կայացնելիս մենք հաշվի ենք առել նաև Հալեպ քաղաքի հայկական համայնքի խնդրանքը:
Երրորդ՝ Հայաստանը, լուծելով սեփական անվտանգության հարցերը, պատասխանատվություն է զգում նաև ընդհանուր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար: Այդ առումով մենք միշտ ձգտում ենք ունենալ ընդհանուր գործում մեր ներդրումը, և Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությունը հենց այս տրամաբանության մեջ է:
Անցած ժամանակահատվածում առաքելության աշխատանքի արդյունքում հայ սակրավորները Սիրիայում ականազերծել են տասնյակ հազարավոր քառակուսի մետր տարածք՝ օգնելով տեղացիներին վերագտնել կյանքի խաղաղ, նորմալ ռիթմը:
Հայկական մարդասիրական առաքելության բժիշկները նշված ժամանակահատվածում բժշկական օգնություն են ցուցաբերել հազարավոր սիրիացիների, իրականացրել են հարյուրավոր վիրահատություններ: Ընդ որում՝ ցանկանում են ընդգծել, որ մենք կարևորում ենք մեր առաքելությունը անգամ մեկ մարդկային կյանք փրկելու դեպքում:
Այս տարվա հոկտեմբերի 14-ին հայկական մարդասիրական առաքելության մասնագետների հերթական խումբը մեկնեց Սիրիա՝ փոխարինելով այնտեղ գտնվող նախորդ խմբին, և ներկայումս նրա գործունեությունը Սիրիայում հաջողությամբ շարունակվում է»,- նշել է Ա.Գրիգորյանը:
Նա անդրադարձել է անվտանգության ապահովման համար քիմիական և կենսաբանական սպառնալիքներին, տեղեկացրել, որ ներկայումս անվտանգության խորհրդի աշխատակազմի համակարգող դերակատարությամբ ընթանում է Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման գործընթացը: Ա.Գրիգորյանը նշել է, որ աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, և շուտով քննարկման կներկայացվի փաստաթղթի ամբողջական նախագիծը, որը կընդունվի վերջնական համաձայնեցումից հետո:
«Կենսաբանական անվտանգության մասով ընդգծեմ, որ 2018 թվականի հոկտեմբերի 8-ի՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կենսաբանական անվտանգության հարցերով աշխատանքային խումբ, որի ղեկավարումը վերապահվել է ինձ: Ներկայումս աշխատանքային խումբը, համակարգվելով Հայաստանի անվտանգության խորհրդի անձնակազմի կողմից, ակտիվ աշխատանքներ է իրականացնում նորմատիվ բազայի ստեղծման և կատարելագործման, այդ ոլորտում միջոցառումների իրականացման և միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ: Մեծ ծավալով աշխատանք է իրականացվել, և մեծապես հենց աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքի շնորհիվ են մեր գործընկերների մոտ փարատվել եղած կասկածները:
Մեր կողմից պատրաստվում է «Կենսաբանական անվտանգության և կենսաբանական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը համակարգային կերպով պետք է կարգավորի այդ ոլորտը: Նրանում կսահմանվեն պետական մարմինների լիազորություններն ու պարտականությունները, կհաստատվեն հետազոտությունների անցկացման պահանջները, կենսաբանորեն վտանգավոր նյութերի արտադրության, օգտագործման, պահեստավորման, ներմուծման, արտահանման, տարանցման և այլ գործողությունների կանոններն ու կանոնակարգերը, կլուծվեն այլ կարևոր հարցեր: Հիմնական սկզբունքը, որով մենք առաջնորդվում ենք այս ոլորտում, ոլորտի թափանցիկությունն է, Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայի դրույթների անվերապահ և հստակ կատարումը:
Այս համատեքստում ուզում են առանձնահատուկ ընդգծել, որ Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաները գործում են միայն մեր իրավասության ներքո, մեր պետության պետական գերատեսչությունների ենթակայությամբ և համալրված են բացառապես տեղական մասնագետներով:
Դրա հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է կենսաբանական անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության զարգացումը: Ի հաստատումն դրա՝ նշեմ, որ այս տարվա հոկտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցան կենսաբանական անվտանգության հարցերով խորհրդակցություններ՝ ռուս-հայկական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց ընթացքում այս հարցի համար փոխանակվեցին մանրակրկիտ և վստահելի կարծիքներ:
Խորհրդակցությունները ևս մեկ անգամ հաստատեցին Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը և կենսաբանական անվտանգության ոլորտում մասնագիտացված բազմակողմ հարթակներում սերտ համակարգման և փոխգործակցության պատրաստակամությունը:
Մենք նաև պատրաստ ենք համագործակցության ԱՊՀ շրջանակներում ինչպես բազմակողմանի ձևաչափով, այնպես էլ երկկողմ հարթությունում՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Կենսաբանական անվտանգության ոլորտում մեր համագործակցության զարգացման համար կարևոր նշանակություն ունեն Համագործակցության շրջանակներում նորմատիվ-իրավական բազայի զարգացումը, փորձի փոխանակումը, մասնագետների փոխադարձ այցելությունները, սեմինարների և քննարկումների անցկացումը, համատեղ միջոցառումների իրականացումը»,- ասել է ԱԽ քարտուղարը:
Խոսելով օտարերկրյա ահաբեկիչներից եկող սպառնալիքների չեզոքացմանն ուղղված համագործակցության բարելավման մասին՝ Ա.Գրիգորյանը նշել է, որ Հայաստանում օբյեկտիվ պատճառներով բացակայում են բարենպաստ պայմաններ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության և ահաբեկչության ֆինանսավորման համար, որպես տարանցիկ ճանապարհ, գրոհայինները կարող են օգտագործել նաև մեր երկրի տարածքը:
«Ներկայումս ոչ ոք չի կարող պնդել, որ կարող է հեռու մնալ այդ գործընթացներից: Այդ պատճառով մենք անընդհատ հսկողության տակ ենք պահում իրավիճակը և հետևում միտումներին՝ պատրաստ լինելով ժամանակին արձագանքել իրավիճակի ցանկացած փոփոխությանը:
Մասնավորապես՝ այս տարի ՀԱՊԿ անդամ երկրներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, անց է կացվել «Վարձկան» օպերատիվ-պրոֆիլակտիվ համալիր միջոցառումների ակտիվ փուլը, որն ուղղված էր գրոհայինների վերաբաշխումն ու փոխադրումը կանխելուն: Մենք նաև աշխատանքներ ենք իրականացնում Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում համագործակցության հաստատման ուղղությամբ, որտեղ Հայաստանն ունի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ, մասնավորապես՝ ՇՀԿ հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի ձևաչափում:
Ուզում եմ նաև հատուկ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում չի գրանցվել դեպք, որ որևիցե կազմակերպություն կամ կառույց դատական կարգով ճանաչվի ահաբեկչական: Այսինքն՝ այս առումով մենք, ի տարբերություն այլ երկրների, հանդիսանում ենք բարեկեցիկ երկիր»,- եզրափակել է Ա.Գրիգորյանը: