Նոյեմբերի 20-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի նիստ՝ «Միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների կիրառման եղանակների արդյունավետությունը, դրանց համապատասխանությունը մարտական կանոնադրությունների պահանջներին և զարգացման ուղիները: Կառավարման համակարգերի վիճակը, պրոբլեմային հարցերն ու զարգացման ուղիները» թեմայով:
Խորհրդի նիստին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալներ, շտաբի բաժինների և ոլորտային ծառայությունների պետեր, միավորումների և զորամասերի հրամանատարներ, նշված օղակների համապատասխան պաշտոնատար անձինք:
Բանակի հրամանատարի ներածական խոսքից հետո, որի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մարտահրավերներին և դրանց դիմագրավելու հարցում կարևորվել օրակարգային հարցերի համալիրը, համապատասխան ոլորտների պատասխանատուները ներկայացրել են զեկույցներ, որոնք վերաբերում էին կառավարման մարմինների, կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վիճակին, հրետանային ու ինժեներական ստորաբաժանումների կիրառման եղանակների արդյունավետությանը և հարակից այլ բնագավառների:
Զեկույցներն ու ելույթները ընդմիջվել են քննարկումներով, որոնց մասնակցելու և սեփական կարծիքները արտահայտելու հնարավորություն է տրվել ներկա սպայակազմի բոլոր ներկայացուցիչներին:
Ամփոփելով ռազմական խորհրդի արդյունքները՝ գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը քննարկված թեմաների վերաբերյալ ցուցումներ է տվել ներկաներին և հանձնարարել հետագա ծառայության կազմակերպման ժամանակ, բացի արդեն իսկ գործող ղեկավար փաստաթղթերից, առաջնորդվել նաև ռազմական խորհրդի որոշման դրույթներով: