Վարչապետ Փաշինյանն այցելել է Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն և հանդես եկել ելույթով «Ապագայի մասին երկխոսություն» խորագրով քննարկմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«Տիկնայք և պարոնայք,
Ինձ համար պատիվ է գտնվել այստեղ՝ Միջազգային քաղաքագիտության իտալական ինստիտուտում` Իտալիայի և աշխարհի խոշորագույն հետազոտական կենտրոններից մեկում: Գիտեմ, որ 2019 թվականին լրանում է այս ինստիտուտի հիմնադրման 85-ամյակը: Տասնամյակների ընթացքում համատեղելով հավասարապես քաղաքականության և կրթության վրա հիմնված հետազոտությունները՝ ինստիտուտն անցել է պատմության անկայուն շրջաններով՝ իր ներդրումը բերելով գլոբալ քաղաքականության մշակման գործին:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այս լսարանին դիմելու հնարավորության համար:
Տիկնայք և պարոնայք,
Ես կասկած չունեմ, որ բոլորդ լսել եք ոչ բռնի, խաղաղ թավշյա հեղափոխության մասին, որը տեղի է ունեցավ Հայաստանում 2018 թվականի ապրիլին: Չունենալով արտաքին հովանավորներ՝ այս հեղափոխությունը եկավ որպես հայ ժողովրդի հույսի արտացոլում՝ մերժելով տասնամյակներ շարունակ երկրում մոլեգնած կոռուպցիան ու
խարդախությունները և իշխանության գերակայությունը փոխարինելով օրենքի գերակայությամբ:
Ստանձնելով բողոքի երթերի անցկացման պատասխանատվություն՝ ես հստակ հասկացա, որ հայկական երրորդ պետականության պատմության մեջ երբևէ չի եղել ավելի խոստումնալից և թերևս ավելի վտանգավոր ժամանակահատված: Ես հստակ հասկացա, որ իրավունք չունեմ բախտի հույսին թողնել այն հազարավոր կանանց,
տղամարդկանց, երիտասարդներին ու ծերերին, ովքեր հետևում էին ինձ:
Մենք սկսեցինք բողոքի երթ՝ քայլելով Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաք Գյումրիից մինչև մայրաքաղաք Երևան: Մայրաքաղաքին մոտենալիս ամեն քայլափոխին պատասխանատվությունն աճում էր երկրաչափական
արագությամբ: Եվ դա մեզ հաջողվեց: Հայ ժողովուրդն ապացուցեց, որ ուժեղ է, երբ միավորվում է և համախմբված է:
Թավշյա հեղափոխությամբ մենք կարողացանք իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Մեր հաջորդ քայլն արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: Անցյալ տարվա դեկտեմբերին մենք անցկացրեցինք խորհրդարանական ընտրություններ, որոնք մեր միջազգային գործընկերները բնութագրեցին որպես ազատ, արդար, ժողովրդավարական և մրցակցային: Սա մեր երկրում առաջին խորհրդարանական ընտրություններն էին, որոնց պաշտոնական արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում և առաջին խորհրդարանական
ընտրությունները, որոնց արդյունքները միաձայն ընդունվել են բոլոր քաղաքական ուժերի և առհասարակ հասարակության կողմից:
Ընտրություններից հետո ես հստակ հասկացա, որ ժողովրդի սպասելիքները չափազանց մեծ էին: Հարկավոր էր լայնածավալ մոբիլիզացիայի արդյունքում առաջացած էներգիան և հույզերն ուղղորդել ժողովրդավարական
ինստիտուտների կառուցման գործին:
Կասկածից վեր է, որ ժողովրդավարությունն աննախադեպ հաղթանակ տարավ Հայաստանում արժեքների և համազգային ձգտումների առումով:
Այսօր ժողովրդավարությունը դարձել է մեր ինքնության մի մասը: Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք, որ ժողովրդավարությունը պետք է ինստիտուցիոնալ կերպով ամրապնդվի, որպեսզի անդառնալի դառնա: Մենք պետք է պաշտպանենք ժողովրդավարությունը նրանցից, ովքեր ցանկանում են վրեժխնդիր լինել և ժամացույցի սլաքները հետ տալ:
Այս նպատակով մենք նախաձեռնեցինք բարեփոխումներ, որոնք ուղղված են օրենքի գերակայության ապահովմանը, հաշվետու կառավարմանը, հիմնարար իրավունքների և ազատության պաշտպանությանը:
Այսօր մենք շեշտը դնում ենք ինստիտուտների կայացման վրա, և դատական համակարգն այս առումով առաջնային նշանակություն ունի: Հայտնի է, որ առանց իրապես անկախ դատական համակարգի և դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության հնարավոր չէ ունենալ լիարժեք ժողովրդավարություն և օրենքի գերակայություն: Բայց այդ վստահությունը պետք է վաստակել: Երկար ժամանակ այն խաթարվել է, և վերականգնելու համար ջանքեր են պահանջվում: Մեր միջազգային գործընկերների օգնությամբ մենք այն հետ ենք բերում:
Այս համատեքստում, ցանկանում եմ շեշտել Եվրամիության դերը, որը դարձել է Հայաստանի հիմնական գործընկերը ինստիտուտների կայացման և մեր բարեփոխումների օրակարգի իրականացման գործում: Այդ նպատակով
առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հատկանշական է, որ ՀԸԳՀ-ն բարեփոխումներ գեներացնող գործիք է, և դրա դրույթների կատարումը ենթադրում է որակական փոփոխություններ մեր հասարակության շատ ոլորտներում:
Սիրելի բարեկամներ,
Իտալիան այն պատմական կամուրջներից մեկն է, որը Հայաստանին կապում է Եվրոպային: Այսօր այն կարևոր դեր է խաղում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության ընդլայնման և քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում: Մենք բարձր ենք գնահատում Իտալիայի
հետ մեր բարեկամական հարաբերությունները և մտադիր ենք բոլոր ջանքերը գործադրել՝ դրանք ամրապնդելու և առավել բովանդակալից դարձնելու համար:
Մեր ժողովուրդների միջև հաստատվել էին պատմական սերտ կապեր այն ժամանակ, երբ Հայաստանը և Հռոմեական կայսրությունը հարևաններ էին, և դա արտացոլված է Հռոմեական ֆորումի պատին գտնվող չորս հնագույն քարտեզների վրա: Մ.թ.ա. առաջին դարում Հայաստանը նույնիսկ հռչակվեց Հռոմի բարեկամ և դաշնակից:
Մեր հին ժողովուրդների միջև սերտ կապերը հիմնված են ընդհանուր արժեքների և ընդհանուր քրիստոնեական ավանդույթների վրա, որոնք, իհարկե, մեր բարեկամության անկյունաքարերից են:
Հայերի համար շատ կարևոր է, որ Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոսի սուրբ մասունքները պահվում են Նեապոլի Սան Գրեգորիո Արմենո և Նարդոյի եկեղեցիներում:
Արդի դարաշրջանում հայկական մշակույթի վերածննդին նպաստող կարևորագույն կենտրոններից մեկը Վենետիկի Սուրբ Ղազար կղզին է, որտեղ հիմնադրվել է Մխիթարյանների միաբանությունը երեք դար առաջ: Միաբանությունը, որը մինչ այժմ շարունակում է մնալ հայագիտության գլխավոր կենտրոններից մեկը, անգնահատելի
դեր խաղաց հայ ժողովրդի լուսավորության և մշակութային զարգացման գործում: Այն հպարտության ևս մեկ առարկա է հայերի և իտալացիների համար: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել։
Մեր ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունն ամուր հիմք է ստեղծել մեր երկրների միջև համագործակցության զարգացման համար: Այսօր մենք վճռել ենք անել հնարավոր ամեն ինչ՝ մեր հարաբերությունների հետագա խորացման համար:
Առևտրատնտեսական համագործակցությունը մեր հարաբերությունների կարևոր բաղադրիչն է: Իտալիան Եվրամիության երկրների շարքում Հայաստանի երկրորդ խոշոր առևտրատնտեսական գործընկերն է: Միայն այս տարվա առաջին ինն ամիսներին երկու երկրների միջև առևտուրն աճել է մոտ 14 տոկոսով: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը լրացուցիչ հեռանկարներ են ստեղծում մեր երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար:
Իտալիայի հայ համայնքը, անկասկած, մեր գործակցությանը նպաստող ևս մեկ գործոն է: Մենք երախտապարտ ենք Իտալիայի կառավարությանը` Իտալիայում առկա հայկական մշակութային ժառանգության մասին հոգ տանելու համար: Եվ վերջապես, մենք երախտապարտ ենք Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման համար:
Տիկնայք և պարոնայք,
Դուք գիտեք, որ Հայաստանը գտնվում է անկայուն տարածաշրջանում՝ անվտանգության բազմաթիվ ռիսկերով և մարտահրավերներով:
Հարավային Կովկասում դեռևս առկա են չկարգավորված հակամարտություններ, որոնք հանգեցնում են շարունակական լարվածության, սպառազինությունների մրցավազքի և ատելության քաղաքականության:
Բեռլինի պատի անկումից 30 տարի անց Հայաստանի չորս սահմաններից երկուսը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները, փակ են մնացել շուրջ երեք տասնամյակ:
Հրաժարվելով դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և սերտորեն աջակցելով Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի` Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք Հայաստանի և հայ ժողովրդի համար, ովքեր Օսմանյան կայսրությունում ենթարկվեցին 20-րդ դարի
առաջին ցեղասպանությանը և տակավին ականատեսն են ճշմարտության և արդարության կատաղի ժխտման:
Չնայած մեր բարեկամների՝ Վրաստանի և Իրանի հետ երկու սահմանները բաց են, սակայն տնտեսական արդյունավետության առումով դրանք կարելի է համարել միայն կիսաբաց: Մեր մյուս երկու հարևաններից եկող արտաքին քաղաքական մարտահրավերները սահմանափակում են մեր արտաքին տնտեսական հարաբերությունների ներուժը և խոչընդոտում են տարածաշրջանային լայնածավալ համագործակցության հնարավորությունները:
Բայց մեզ համար անվտանգության ամենամեծ մարտահրավերը ղարաբաղյան հակամարտությունն է: Այն շարունակում է մնալ չկարգավորված՝ դառնալով մշտական լարվածության աղբյուր և սպառնալով հանգեցնել տարածաշրջանում ռազմական գործողությունների հերթական բռնկմանը:
Ցանկացած մարդ, ով հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, պետք է իմանա հակամարտության նախապատմությունը: Այս հակամարտությունը տարածքային վեճ չէ, ինչպես ոմանք փորձում են այն ներկայացնել պարզեցված ձևով: Խոսքն ինքնորոշման իրավունքի, մարդու իրավունքների և այնտեղ ապրող մարդկանց
ֆիզիկական անվտանգության մասին է:
Հակամարտության արմատներն սկիզբ են առնում Խորհրդային միության վաղ ժամանակներից, երբ Կոմունիստական կուսակցության կամայական որոշմամբ Ադրբեջանին հանձնվեց հայկական այդ շրջանը, որի բնակչության 95 տոկոսը հայեր էին: Դա տեղի է ունեցավ 1920-ականների սկզբին բոլշևիկյան Ռուսաստանի և
քեմալական Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։
Խորհրդային տարիներին հակամարտությունը դրսևորվում էր համակարգված և բռնի խտրական վերաբերմունքով հայ բնակչության նկատմամբ, ովքեր հենց Խորհրդային միության փլուզման նախօրեին՝ 1988 թվականին, ինքնորոշման հայտ ներկայացրին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայության ցանկությանը՝
Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ձեռնարկեցին խիստ միջոցներ՝ ռազմաոստիկանական ուժի կիրառմամբ այս շարժումը խափանելու համար: Հայերի նկատմամբ զանգվածային վայրագություններով ուղեկցվող էթնիկ զտումներ
իրականացվեցին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շատ շրջաններում:
Այնուհետև, քանի որ Խորհրդային կայսրությունը կազմալուծման գործընթաց էր ապրում, մյուս հանրապետությունների պես Ադրբեջանը ևս դուրս եկավ ԽՍՀՄ-ից: Համաձայն Խորհրդային միության սահմանադրության, եթե որևէ անդամ-հանրապետություն հայտարարում էր ԽՍՀՄ-ից առանձնանալու մտադրության
մասին, նրա իրավասության տակ գտնվող ինքնավար մարզերն իրավունք ունեին որոշել իրենց կարգավիճակը, ընդհուպ այդ հանրապետությունից անջատումը։
Օգտվելով Սովետական սահմանադրությունից՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը կիրառեց ինքնորոշման իր իրավունքը: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից անկախություն հռչակեց ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը Խորհրդային միությունից անջատվեց:
Այս անգամ Ադրբեջանի իշխանությունները ռազմական ուժ կիրառեցին հայերի դեմ: Նրանք ծավալեցին լայնամասշտաբ պատերազմ՝ սպառնալով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությանը: Ի պատասխան գոյապահպանական այդ սպառնալիքին՝ հայերը, որոնք կազմում էին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր բնակչության մոտ 80 տոկոսը, դիմեցին ինքնապաշտպանության: Նրանց հաջողվեց պաշտպանել իրենց հողը և ստիպել, որ Ադրբեջանը համակերպվի նոր իրավիճակի հետ: Արդյունքում՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև հրադադարի պայմանագիր ստորագրվեց 1994 թվականի մայիսի 12-ին:
Հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն սկսվել է դեռևս 1992 թվականին՝ զինադադարի մասին համաձայնագրի ստորագրումից առաջ: Միջազգային հանրության կողմից հակամարտության կարգավորման միջնորդական մանդատ ստացած ԵԱՀԿ Մինսկի խումբը սահմանեց, որ հակամարտությունն ունի երեք կողմ՝ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը: Այս փաստը վերահաստատվեց 90-ականների սկզբի բազմաթիվ միջազգային փաստաթղթերով:
Իսկապես, երկար ժամանակ Լեռնային Ղարաբաղը մասնակցում էր բանակցություններին՝ որպես բանակցային գործընթացի կողմ: 1990-ականների սկզբին նույնիսկ մի շարք հանդիպումներ են անցկացվել Լեռնային Ղարաբաղի և
Ադրբեջանի առաջնորդների, ինչպես նաև Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների միջև։
Ի դեպ, իտալացի ականավոր քաղաքական գործիչ և դիվանագետ Մարիո Ռաֆայելլին, ով մեծ ջանքեր գործադրեց տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար, Մինսկի կոնֆերանսի նախագահն էր՝ առաջին միջազգային գործիչը, ում 1990-ականների սկզբին վստահվեց հակամարտության կարգավորման հարցը: Մինսկի խմբի հանդիպումները, որին մասնակցում էին նաև Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները, կայացան Հռոմում՝ Իտալիայի մայրաքաղաքում:
Ցավոք, չնայած տասնամյակներ շարունակ միջազգային միջնորդների գործադրած ջանքերին, ղարաբաղյան հակամարտությունը դեռևս մնում է չլուծված:
Որո՞նք են այս իրավիճակի պատճառները:
Նախ և առաջ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Նրանք պնդում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է համարվի Ադրբեջանի անբաժանելի մասը: Բայց դա իսկապես շատ տարօրինակ դիրքորոշում է: Մի կողմից՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են, որ Լեռնային Ղարաբաղը լինի իրենց տարածքային ամբողջականության մաս: Մյուս կողմից, նրանք չեն ցանկանում երկխոսություն վարել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Սա մի փոքր տարօրինակ չէ՞:
Ի՞նչ է նշանակում նրանց այս կեցվածքը: Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները փաստորեն չեն ցանկանում բանակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ՝ պարզապես այն պատճառով, որ նրանք սոսկ տարածք են
ուզում, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ առանց ժողովրդի: Դա նշանակում է, որ նրանք հույս ունեն հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, այն է՝ գրավել Լեռնային Ղարաբաղի տարածքը, անցկացնել
էթնիկ զտումներ և ազատվել ինչպես հայերից, այնպես էլ ինքնին այդ խնդրից:
«Չի բացառվում ռազմական լուծումը», - դա բնորոշ հայտարարություն էր՝ արված նախագահ Ալիևի կողմից բազմաթիվ առիթներով: «Ցանկացած պահի մենք կարող ենք հարցը լուծել ռազմական ճանապարհով», - ասվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2017 թվականի հունվարի կառավարության նիստում արվսծ հայտարարության
մեջ, որի ժամանակ քննարկվում էր երկրի տնտեսական զարգացումը:
«Մենք կավելացնենք մեր ռազմական հզորությունը, և ես հավատում եմ, որ դա բանակցությունների կարևորագույն գործոններից մեկն է»: Այս խոսքերն ասվել են 2018 թվականի նոյեմբերի 5-ին: 2018 թվականի դեկտեմբերի 17-ի հայտարարության մեջ ասված է. «… մեր ռազմական ուժերը և մեր ուժը հանդիսանում են
ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հիմնական գործոնները» - մեջբերման ավարտ:
Իրոք, շատ պատճառներ կան հավատալու, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակությանը պատրաստում են պատերազմի: Սա է պատճառը, որ նրանք հակահայկական տրամադրություններ են բորբոքում իրենց ժողովրդի մեջ: Ահա թե ինչու նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա: Ահա թե ինչու հակահայկական ատելության խոսքը դարձել է պաշտոնական քաղաքականություն Ադրբեջանում: Ահա թե ինչու հայատյացությունը դարձավ պետական քաղաքականություն Ադրբեջանում:
Ես այդ քաղաքականության որոշ կոնկրետ օրինակներ կբերեմ գործողության մեջ:
Ցանկացած օտարերկրացի, ով այցելում է Լեռնային Ղարաբաղ, հայտնվում է Ադրբեջանի սև ցուցակում: Այս ցանկում արդեն ընդգրկված է ավելի քան 850 մարդ: Որևէ երկրի քաղաքացիներ, ովքեր կրում են հայկական ազգանուն
կամ կասկածվում են, որ հայկական էթնիկ ծագում ունեն, չեն կարող մուտք գործել Ադրբեջան: Նման դեպք տեղի ունեցավ ԱՄՆ քաղաքացիությամբ Bloomberg-ի լրագրող Դիանա Մարկոսյանի հետ, ում 2011 թվականին արգելվեց մուտք գործել Ադրբեջան:
2014 թվականին դա տեղի ունեցավ թուրք նվագախմբի երաժիշտ Ռաֆեր Նոյանի հետ, ով ուներ հայկական ազգանուն: 2016 թվականին դա պատահեց ութ տարեկան երեխայի՝ Լուկա Վարդանյանի հետ, իսկ 2018 թվականին՝ ռուսաստանցի ութսունամյա թոշակառու Օլգա Բարսեղյանի հետ:
2017 թվականին հայկական ծագմամբ մի կնոջ իր 4-ամյա երեխայի հետ երեք ժամ պահել են Բաքվի օդանավակայանում, այնուհետև արտաքսել: Այս ցանկը շարունակելի է:
Բայց թերևս ամենահայտնի դեպքը տեղի է ունեցել «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի հետ, որը բաց թողեց Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը Բաքվում՝ Ադրբեջանի մայրաքաղաքում, ընդամենը մի քանի ամիս առաջ: Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ արգելել էին Մխիթարյանի անունով վերնաշապիկները: Իսկ դրանք կրող մարդիկ ոստիկանների կողմից կանգնեցվում էին Բաքվի փողոցներում:
Այս քաղաքականությունը երբեմն նույնիսկ ծիծաղելի դրսևորումներ է ունենում: Ընդամենը մի քանի օր առաջ մի վարորդի բերման ենթարկեցին Բաքվում՝ պարզապես հայկական փոփ երգ լսելու համար:
Բայց ամենաողբերգականն ու ցինիկը Ռամիլ Սաֆարովի մասնակցությամբ դեպքն էր, ով Բուդապեշտում կացնով սպանեց ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցող իր հայ դասընկերոջը քնած ժամանակ: Նրան դատապարտեցին ցմահ ազատազրկման, այնուհետև Հունգարիայի իշխանությունների կողմից նա արտահանձնվեց Ադրբեջանին: Դրանից հետո նրան ողջունեցին որպես Ադրբեջանի ազգային հերոս: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց. բարձրացվեց նրա զինվորական կոչումը և շնորհվեց բնակարան։
Սիրելի բարեկամներ,
անկախ այս բոլոր հանգամանքներից՝ չնայած Ադրբեջանի իշխանությունների հակահայկականքաղաքականությանը, Հայաստանը ձեռնարկում է կոնկրետ քայլեր հակամարտության փոխընդունելի լուծում գտնելու ուղղությամբ: Այդ նպատակով մոտ մեկ տարի առաջ ես հրապարակավ հայտարարեցի, որ Լեռնային Ղարաբաղի
հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:
Ես առաջին հայ առաջնորդն էի, ով բարձրաձայնեց նման դիրքորոշում: Իմ երկրում ինձ խիստ քննադատեցին այդ բանաձևի համար, որը երեք կողմերին հավասար հիմունքներով է դիտարկում:
Այդուամենայնիվ, ես համոզված եմ, որ դա հակամարտության խաղաղ և տևական կարգավորման միակ ճանապարհն է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռման հնարավորություն։
Որպեսզի առաջ շարժվենք, ես նման հայտարարություն եմ ակնկալում նաև Ադրբեջանից: Եթե մենք լսենք այդպիսի հայտարարություն նախագահ Ալիևից, դա իսկական առաջընթաց կլինի բանակցային գործընթացում:
Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնում են իրենց նախկին դիրքերում՝ նպատակ ունենալով խնդիրը լուծել միայն Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով: Դա ինձ լրացուցիչ հիմք է տալիս կարծելու, որ Ադրբեջանը փայփայում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հույսեր և չի ցանկանում լուծումը գտնել բանակցությունների սեղանի շուրջ:
Այդուամենայնիվ, Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ խաղաղ բանակցություններին և խնդրի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա:
Նախ և առաջ, բացարձակապես անօգուտ է սպառնալիքի լեզվով խոսել Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Դա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ: Ադրբեջանը ժամանակին փորձել է ուժի լեզվով խոսել Լեռնային
Ղարաբաղի ժողովրդի հետ և լուրջ հետևանքների է բախվել՝ չնայած Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր հսկայական գերակայությանը ինչպես ազգաբնակչության, այնպես էլ սպառազինության առումով: Իրենց իսկ ռազմական ձախողումների համար վրեժխնդիր լինելու փորձերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի:
Մեր տարածաշրջանում ռազմական էսկալացիան աղետալի հետևանքներ կունենա նույնիսկ գլոբալ տեսանկյունից: Ներգրավվելով ռազմական արկածախնդրությունների մեջ՝ Ադրբեջանը կարող է պարարտ միջավայր ստեղծել այն ահաբեկիչների համար, ովքեր կորցրել են իրենց ազդեցությունը Սիրիայում և Իրաքում, և այժմ փնտրում
են նոր տարածքներ՝ իրենց գործողությունների համար:
Աշխարհագրական առումով, Ադրբեջանը կարող է ծառայել որպես հենակետ՝ տարածաշրջան բոլոր չորս ուղղություններով նրանց ներթափանցման համար՝ հարավից, հյուսիսից, արևելքից և արևմուտքից:
Սիրելի բարեկամներ,
Լեռնային Ղարաբաղը շատ բարդ և ցավոտ հարց է տարածաշրջանի ժողովուրդների համար: Հնարավոր չէ լուծել այն առանց ծանր ու հետևողական ջանքերի, առանց փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության: Բայց եթե մենք ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների ապագայի համար,
ապա պետք է ջանքեր գործադրենք իրական փոփոխությունների հասնելու նպատակով: Ես նկատի ունեմ Ադրբեջանի կառավարությանը, Լեռնային Ղարաբաղի կառավարությանը և Հայաստանի կառավարությանը։
Մենք անկեղծ ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման մեր ձգտման մեջ և պատրաստ ենք երկխոսության՝ հանուն հակամարտության այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի
և Ադրբեջանի ժողովուրդների համար: Սա է մեր մոտեցումը, և մենք պատրաստ ենք բանակցել այս նոր պարադիգմի հիման վրա:
Եզրափակելով խոսքս` կցանկանայի ասել, որ այստեղ գալուց առաջ այցելեցի ինստիտուտի կայքը և աչքիս զարնեց քննարկումների վերնագրերից մեկը՝ «Թանաքն արյունից լավ է»: Այս հակամարտության մեջ բավականաչափ արյուն է հոսել: Արդ մեզ անհրաժեշտ է թանաք և ամուր ձեռքեր՝ դրան վերջ տալու և մեր տարածաշրջանի
ժողովուրդներին խաղաղություն բերելու համար»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությանը, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, ժողովրդավարական
գործընթացներին, Հայաստան-Իտալիա հարաբերություններին և այլն։