Ավարտվել է հանդբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Չեմպիոնի կոչման համար պայքարել է 6 թիմ՝ Ալավերդի, Վանաձոր, Գավառ քաղաքների թիմերը, «Արցախը», «Չարբախը» և «Պոլիտեխնիկը»:
Առաջնությունն անցկացվել է շրջանաձև մրցակարգով: Հնգօրյա պայքարի արդյունքում չեմպիոնի կոչումը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Վանաձորի հավաքական թիմը: Արարատ Բարսեղյանի գլխավորած թիմը վաստակել է 10 միավոր:
Երկրորդ հորիզոնականը վաստակած 8 միավորով զբաղեցրել է Ալավերդու թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Արցախը» (6 միավոր): «Չարբախը» 4 միավորով 4-րդն է, 5-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Պոլիտեխնիկը» (2 միավոր), իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակած Գավառի թիմին չի հաջողվել միավոր վաստակել:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան դիտարկում է հաջորդ տարի մեծահասակների առաջնությունը մեկնումներով անցկացնելու տարբերակը, հնարավորության դեպքում առաջնությանը կմասնակցի առնվազն 8 թիմ: