РИА Новости-ն գրում է, որ Լեհաստանի կառավարությունը նամակ է հղել ԵՄ-ի գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովին՝ պահանջելով Ուկրաինային արտոնություններ չտրամադրել ԵՄ երկրներ գյուղատնտեսական արտադրանք արտահանելու համար: Ուղերձի հեղինակները բողոքել են Բրյուսելի պաշտոնյաներին, որ սևահողերի, բարենպաստ կլիմայի, ինչպես նաև «աշխատանքի և տրանսպորտի ցածր գնի» պատճառով Ուկրաինան դարձել է «շատ լուրջ մրցակից ԵՄ գյուղատնտեսության ոլորտում»:
Լրատվական գործակալությունը նկատել է, որ Լեհաստանը հաճախ է փորձում դանդաղեցնել հարևան երկրի տնտեսական զարգացումը և սահմանափակել Ուկրաինայի մուտքը եվրոպական շուկաներ: Նոյեմբերի սկզբին Վարշավան Կիևի համար սահմանեց միջազգային 160 հազար բեռնափոխադրումների քվոտա, չնայած ուկրաինական կողմը պահանջել էր երկու հարյուր հազարի:
Լեհ-ուկրաինական ավելի սուր հակամարտություն է բռնկվում նաև Էներգետիկ ոլորտում: Ուկրաինայի և ԵՄ-ի միջև 2017-ին կնքված համաձայնագիրը նախատեսում է ազգային էներգետիկ ցանցի ինտեգրում եվրոպական էներգետիկ համակարգին:
Մինչդեռ լեհերը մտավախություն են հայտնում, որ ուկրաինական էժան էլեկտրաէներգիայի պատճառով սեփական ածուխով աշխատող էլեկտրակայանները կդառնան անշահավետ: Ավելին, Վարշավան մտադիր է վառելիք վաճառել Ուկրաինայի էլեկտրակայաններին՝ վերաարտահանելով ԱՄՆ-ի թանկ գազը: