Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ, իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«- Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, որը տեղադրվելու է Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական այգում,
- Հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվելու է ձեռքերի և նշմարվող տասը մարմինների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով ֆիգուրատիվ լուծումները և դիմանկարային նմանությունները,
- Կրող հարթակի վերնամասում փորագրվելու է հուշարձանի անվանումը՝ «2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»,
- Հուշարձանը ճարտարապետական և գեղագիտական տեսանկյուններից պետք է ներդաշնակ և համահունչ լինի տվյալ միջավայրին, տարածության մեջ մասշտաբի առումով նպաստի ամբողջական ընկալմանը և չխաթարի հետիոտնի անարգել շարժմանը»: