Պաղեստինի ղեկավարությունը մտադիր է Միջազգային քրեական դատարան գործ հարուցել (ICC) ընդդեմ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի՝ Արևմտյան ափի հրեական բնակավայրերի վերաբերյալ նրա հայտարարության առնչությամբ, ասել է Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ Մալիքին:
«ԱՄՆ հայտարարությունը որևէ իրավական ուժ չունի, բայց գործնականում այն ունի լուրջ հետևանքներ տարածաշրջանում անվտանգությունը պահպանելու հարցում, Նեթանյահուին էլ կդրդի Արևմտյան ափի գաղութային բռնակցմանը, ինչն ակնհայտորեն միջազգային իրավունքի խախտում է»,- նշել է նա:
Ավելի վաղ Փոմփեոն ասել էր, որ Վաշինգտոնն արդեն անօրինական չի համարում Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հրեական կառավարության հիմնած բնակավայրերը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանին անհանգստացրել է Իսրայելի գործողությունների հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը: Պետքարտուղար Մայք Փոմփեոյի արտահայտությունները քննադատել է նաև Թուրքիան: