30 տարի առաջ՝ 1989-ի նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ն ընդունեց Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան: Այն առաջին փաստաթուղթն էր, որը պաշտպանում է մինչև 18 տարեկան անչափահասների իրավունքները: Նախագահի նստավայրում դռներն այսօր բաց են եղել Հայաստանի բոլոր մարզերի 170 աշակերտի համար, որոնք ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Հայաստանի գրասենյակի նախաձեռնությամբ խմբերի բաժանվելով, Բաղրամյան 26-ում առողջապահության, շրջակա միջավայրի, կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարներին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը: Երեխաների առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է եղել օմբուդսմեն Արման Թաթոյանը, որը պատանիներին բացատրել է իրենց իրավունքների մասին դրույթները: