Մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2021 թ. առաջնության ընտրական փուլի հերթական տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը Կատանիայում հյուրընկալվեց Իտալիայի Մ21 հավաքականին ու պարտություն կրեց 0:6 հաշվով:
Իտալացիների կազմում խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց «Էվերթոնի» հարձակվող Մոյզե Քինը, որն առաջին խաղակեսի վերջնամասում նաև դուբլ ձևակերպեց: Գոլերով աչքի ընկան նաև Անդրեա Պինամոնտին (25), Նիկոլո Զանելատոն (53), Ջանլուկա Սկամական (57) և Դավիդե Բետելան (66):
Իտալիայի երիտասարդական հավաքականը 5 խաղից հետո վաստակած 13 միավորով A խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է, իսկ Հայաստանի երիտասարդական ընտրանին 3 միավոր ունի ու նախավերջին՝ 5-րդ տեղում է:
Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի մարտի 26-ին Երևանում՝ ընդունելով Շվեդիայի Մ21 հավաքականին, իսկ մարտի 31-ին Հայաստանի Մ21 հավաքականը դարձյալ սեփական հարկի տակ կմրցի Իսլանդիայի իր հասակակիցների հետ: