«Իրանի բարեկամներն ու հակառակորդները պետք է իմանան, որ երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ընթացքում մենք «թշնամուն հետ ենք շպրտել»,- ասել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Սեիդ Ալի Խամենեին Թեհրանում երկրի արդյունաբերական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Ըստ այաթոլլա Խամենեիի՝ Իրանի քաղաքացիների մեծ մասը չի աջակցել հակակառավարական ցույցերին, իսկ անկարգությունները հրահրել են Իրանի ներքին հակառակորդներն ու արտաքին թշնամիները, որոնց նա անվանել է «դիվերսանտներ» և «խուլիգաններ»:
Ինչպես հայտնում է EADaily-ն, երեքշաբթի Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ երկրում կվերականգնեն կարգուկանոնը:
Ուրբաթ Իրանում բողոքի ցույցեր սկսվեցին վառելիքի գների բարձրացման հայտարարությունից հետո: Ըստ պաշտոնական տվյալների, բախումների ժամանակ մի քանի մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի անդամներ են զոհվել, ձերբակալվել է հազարից ավելի ակտիվիստ, երկրի լրատվամիջոցներում հաստատվել է գրաքննության ռեժիմ, սահմանափակվել է ինտերնետի հասանելիությունը:
ИТАР-ТАСС-ը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը կոչ էր արել Իրանի իշխանություններին երկրում ցույցերը ցրելիս ձեռնպահ մնալ մարտական զենքի կիրառումից և վերականգնել ինտերնետի հասանելիությունը: Ըստ վարչության տվյալների, ուրբաթից մինչև երկուշաբթի երկրի ութ շրջաններում տեղի ունեցած ցույցերի ընթացքում զոհվել Է մոտ հազար մարդ: Համացանցի բացակայությունը, սակայն, թույլ չի տալիս ստանալ ճշտված տեղեկություններ: