Ազգային ժողովում այժմ քննարկվում է «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը: Հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծերով անդրադարձ է կատարվում հանրության համար առավել բարձր վտանգավորություն ունեցող այնպիսի արարքների, որոնք, ինքնին, տարբեր քրեական արարքների հիմք են հանդիսանում:
Նախատեսվում է, մասնավորապես, քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու կամ բանդիտիզմի հոդվածներով նախատեսված հատկանիշները: Նախագծով նաև խրախուսական նորմ է նախատեսված այն անձնաց համար, ովքեր իրենց գործողություններով կնպաստեն նման խմբավորման բացահայտմանը: