ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը համալրելու նպատակով նախարարությունը հայտարարում է մրցույթ` խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով: Խորհրդի անդամների ընդհանուր թվի 1/3 կազմում են կրթության և գիտության, 1/3՝ մշակույթի և 1/3՝ սպորտի և երիտասարդության ոլորտների ներկայացուցիչները:
Մրցույթին մասնակցել և խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ և այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, որոնք ունեն կրթության, մշակույթի կամ սպորտի ոլորտներում առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի կամ սպորտի և երիտասարդության ոլորտներին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության ձևավորած աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն), և որոնց ներգրավումը կարող է նպաստել խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:
Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք տվյալ պահին ֆինանսավորում են ստանում (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) ԿԳՄՍ նախարարությունից:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
դիմում՝ խորհրդի նախագահի անունով /ձևը կցվում է/.
կազմակերպության կանոնադրության պետական գրանցման համարը,
ամփոփ տեղեկանք` վերջին 2 տարում ծավալած գործունեության վերաբերյալ,
հիմնավորում` հասարակական խորհրդում կազմակերպության ներգրավման աշխատանքների մասնակցության վերաբերյալ (1,5-2 էջ),
հակիրճ վերլուծություն` վերջին 3 տարիների ընթացքում նախարարության գործունեության և կրթության և գիտության, մշակույթի կամ սպորտի և երիտասարդության բնագավառներում իրականացվող քաղաքականության վերաբերյալ (4-5 էջ):
Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն կազմակերպությանը կամ անձին, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին և վերջինիս կողմից իրականացվող գործառույթներին, խրախուսվում է ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը:
Հայտերը պետք է ներկայացվեն ս. թ. նոյեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ, ժամը 10:00-17:00-ը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր բաժին:
Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել 52-73-43 հեռախոսահամարով: