ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն Առաջին ալիքով հեռարձակվող «Պոզներ» հաղորդմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներին:
Հաղորդավար Վլադիմիր Պոզները հիշեցրել է, որ վերջերս Ղարաբաղ կատարած այցի պատճառով Զատուլինը խիստ քննադատության էր ենթարկվել Ադրբեջանում և հետաքրքրվել է, թե իր հյուրը հակամարտության կարգավորման ինչ ուղիներ է տեսնում:
Կոնստանտին Զատուլինը նշել է, որ իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առումով վաղուց է ձևավորվել, և նա խորապես համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող էր լուծված լինել:
«Հիմնականում՝ լուծումը փոխզիջումն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ Արցախի Հանրապետությունը, ոչ ոք չի ճանաչել, սակայն այն գոյություն ունի և ապրում է: Ցանկանում եմ ասել, որ ոչ մի դեպքում և երբեք այն չի համաձայնի որևէ տարբերակի, անգամ՝ ձևականորե՛ն Ադրբեջանի կազմ պաշտոնական վերադարձին: Նույնիսկ Խորհրդային Միության փլուզման ժամանակ Ադրբեջանի ճանաչումը նախկին՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության սահմաններով, խնդրահարույց էր, քանի որ արդեն այդ ժամանակ՝ 1991 թվականին, հակամարտությունն արդեն 3 տարի ընթացքի մեջ էր, և Ադրբեջանը չէր վերահսկում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ամբողջ տարածքը: Հետևաբար, պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանից անկախանալու և ինքնորոշվելու իրավունքը»:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից փոխզիջումը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների հանձնումը, որը պատերազմի ժամանակ զբաղեցրել են ինքնապաշտպանության ուժերը: Նա նաև նշել է, որ խոսքը յոթ շրջաններից հինգի մասին է, քանզի երկու շրջանները Ղարաբաղը կապում են Հայաստանի հետ:
Զատուլինը հայտնել է, որ երկու երկրներում էլ փոխզիջման կյանքի կոչումը խոչընդոտում են «կատաղի ազգայնականները»: Ադրբեջանում գտնում են, որ պետք է վերադարձնեն ամբո՛ղջ Ղարաբաղը, իսկ Հայաստանի դիրքորոշմամբ՝ արյամբ ազատագրված հողերը չե՛ն կարող վերադարձվել: