Խորհրդարանում այսօր քննարկում են Հայաստանի և Դանիայի թագավորության կառավարությունների միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշեց, որ 2012-ին Դանիայի Թագավորությունը չի ստորագրել ՀՀ-ի և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը, ըստ որի՝ համաձայնագիրը չէր կիրառվում Դանիայի դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական ծառայությունների կողմից վիզաների տրամադրման ընթացակարգերի նկատմամբ:
Կողմերը որոշել են կնքել կարճաժամկետ վիզաների տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ երկկողմ համաձայնագիր: Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականին:
Ադոնցն ընդգծեց, որ Դանիայի քաղաքացիներն ազատված են դեպի Հայաստան մուտքի վիզայից: Համաձայնագրով նախատեսված է դյուրացնել վիզաների տրամադրումը նաև Հայաստանի՛ քաղաքացիների համար Դանիայի Թագավորության տարածք և շենգենյան գոտի ցանկացած այլ անդամ պետություն՝ 180 օրվա ժամանակահատվածում 90 օրից ոչ ավել տևողությամբ այցերի դեպքում: Համաձայնագրով նախատեսված է, որ դիվանագիտական անձնագիր ունեցող Հայաստանի քաղաքացիները մուտք կգործեն Դանիա առանց վիզայի: