Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թանին Դոհայում առանձնազրույց են ունեցել։
Բարի գալուստ մաղթելով Հայաստանի Հանրապետության նախագահին և ընդգծելով իրենց անձնական գերազանց փոխհարաբերությունները՝ էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թանին շնորհավորել է Կատարում Հայաստանի դեսպանության բացման առթիվ՝ նշելով, որ մեր երկրները հրաշալի հարաբերություններ ունեն։
Կատարից 1lurer.am-ին մեր թղթակիցը փոխանցեց, որ առանձնազրույցի ժամանակ նախագահը շնորհակալություն է հայտնել էմիրին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման, ինչպես նաև՝ Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմանը ցուցաբերած գործուն աջակցության համար։ Նախագահը վստահություն է հայտնել, որ մուտքի արտոնագրերի պահանջի չեղարկումը դրական կազդի տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և հատկապես զբոսաշրջային կապերի հետագա խթանման վրա։
Հայաստանի նախագահն ու Կատարի էմիրն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման կարևորությունը։ Որպես համագործակցության հնարավոր ուղղություններ՝ նրանք նշել են առողջապահության, կրթության, գիտահետազոտական ոլորտները, ինչպես նաև՝ Դոհայում ուսանելու հնարավորությունը։
Նախագահ Սարգսյանն ասել է, որ շատ տպավորված է Կատարի հիմնադրամի գործունեությամբ։
«Սա նաև միջազգային կենտրոն է և շատ ընդհանրություններ ունի զարգացման մեր տեսլականի հետ, ուստի՝ որոշել ենք ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ հստակեցնելու համագործակցության ուղղությունները»,- ասել է Արմեն Սարգսյանը: