Ռուս հանրահայտ լրագրող և գրող Վլադիմիր Պոզներն արտահայտվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին: Պատասխանելով Ինստագրամի հայ օգտատիրոջ հարցին՝ Պոզները նշել է, որ Ներկայացուցիչների պալատի բանաձի ընդունումն ունի քաղաքական ենթատեքստ:
«Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 1915 թվականի կոտորածը Ցեղասպանություն ճանաչել. որովհետև՝ սարսափելի բարկացել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի վրա այն պատճառով, որ նա Ռուսաստանից գնել էր С-400 հակաօդային համակարգեր և ռազմական գործողություն էր սկսել քրդերի դեմ՝ Սիրիայի հյուսիսում: Սրանք բոլորը քաղաքական խաղեր են, իրականում նրանք միանգամայն անտարբեր են այս ամբողջ պատմության նկատմամբ»:
Վլադիմիր Պոզները նաև ավելացրել է, որ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի արգելափակումը նույնպես մտնում է քաղաքական խաղերի տրամաբանության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել էր բանաձև, որով ճանաչում էր Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության փաստը, իսկ նոյեմբերի 14-ին սենատոր Լինդսի Գրահամը Սենատում վետո էր կիրառել նույն բանաձևի վրա: