ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրը, համաձայն որի՝ կեցության ծառայությունների վճարների զեղչերից կարող են օգտվել ավելի մեծ թվով խմբեր:
Եթե նախկինում հանրակացարանային պետական փոխհատուցում էր տրվում միայն երկկողմանի ծնողազուրկ մարզաբնակ ուսանողներին և օտարերկրացիներին, ներկայում կեցության վճարի 100% զեղչ է տրվում՝
1. միջպետական համաձայնագրերի շրջանակներում ուսումնառող ուսանողներին (ըստ միջպետական համաձայնագրերի),
2. երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին,
3. հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցող ուսանողներին:
Կեցության վճարի 50% փոխհատուցում տրվում է՝
1. միակողմանի ծնողազուրկ ուսանողներին,
2. սոցիալապես անապահով ընտանիքների (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 30 միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների) անդամ հանդիսացող ուսանողներին,
3. հաշմանդամության երրորդ կարգ ունեցող ուսանողներին,
4. 2016 թվականի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայությամբ) կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին:
Նշված զեղչերից տարբերվող կամ այդ կետում նշված խմբերում չներառված անձանց համար զեղչեր կարող են տրամադրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի միջնորդությամբ։
Ծրագրի շահառու կարող են լինել Երևան քաղաքի բուհերում ուսումնառող ՀՀ մարզաբնակ և օտարերկրյա ուսանողներն ու ասպիրանտները (օրդինատորները), ինչպես նաև՝ միջպետական համաձայնագրով բարձրագույն և հետբուհական կրթություն ստացող ուսանողները։ Բացի այդ, սույն կարգով առավել թափանցիկ է դարձել ուսանողների գրանցման կարգը, մեծացել է սոցիալական ծրագրի հասանելիությունը: