Գերմանիայի արտգործնախարարությունը զգուշացում է հրապարակել Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիների համար։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ընդգծվել է, որ Թուրքիայում վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) օգտագործումը խստորեն վերահսկվում է և չհաստատված VPN օգտագործող անձինք կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել։
Նախարարությունը նաև հիշեցրել է, որ Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու, որևէ ահաբեկչական խմբավորման անդամ լինելու կամ նման խմբավորման քարոզչություն կատարելու մեջ մեղադրվողները կարող են մինչև մի քանի տարվա ազատազրկման դատապարտվել։
«Եթե որևէ մեկը վերջին շրջանում Թուրքիա մուտք գործելիս կամ երկրից ելք կատարելիս չի ձերբակալվել, դա չի նշանակում, թե նրա դեմ նմանատիպ մեղադրանքներով քրեական հետապնդման վտանգ չկա»,- նշված է հայտարարության մեջ:
Նույն տեքստում ԱԳՆ-ն հորդորել է չանտեսել նաև Թուրքիայում ահաբեկչական հարձակումների կազմակերպման հավանականությունը, ինչպես նաև՝ զերծ մնալ Սիրիայի և Իրաքի հետ սահմանամերձ բնակավայրեր այցելելուց։