ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի կողմից 2016-19 թվականների ընթացքում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկության արժանահավատության գնահատման, տրամադրված սուբսիդիաների և դրամաշնորհների ուսումնասիրության, իրականացված գնման ընթացակարգերի օրինականության և արդյունավետության մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել է մի շարք թերացումներ և խախտումներ:
Մասնավորապես՝ համայնքապետարանի կարիքների համար կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում, ավագանու առերևույթ կեղծ որոշումների կիրառմամբ, գնման ընթացակարգում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը հաղթող չի ճանաչվել, իսկ մրցույթը հայտարարվել է անվավեր։ Հետագայում հայտարարված նոր մրցույթի ընթացքում հաղթող է ճանաչվել միակ մասնակից կազմակերպությունը, որը նախորդ մրցույթում ներկայացրել էր ամենաբարձր գնային առաջարկը։
Ապարան համայնքի, «Ապարան համայնքի կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ի, «Ապարան համայնքի Արագած կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ի կողմից 2017-2019թթ. ընթացքում բազմաթիվ դեպքերով իրականացվել են մի շարք շինարարական աշխատանքներ՝ խախտելով Հայաստանի Հանրապետությունում գործող պետական գնումների օրենսդրությունը։ Գնման ընթացակարգերը կիսելու միջոցով՝ մեկ անձից գնման եղանակով ձեռք են բերվել ապրանքներ, ծառայություններ։
Մի շարք դեպքերում՝ հայտարարված մրցույթներում առաջին տեղ զբաղեցրած մասնակիցներ ունեցել են ՀՀ պետական բյուջեի նկատմամբ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ժամկետանց հարկային պարտավորություններ, սակայն վերջիններիս հետ կնքվել են պայմանագրեր։
2016-2017 թվականներին Ապարանի քաղաքապետարանում, Ապարան համայնքի
կոմունալ ծառայություն ՀՈԱԿ-ում, «Ապարան համայնքի Արագած կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ում առկա չեն եղել հիշյալ ժամանակահատվածի համար հաստատված և հրապարակված գնումների պլանները, սակայն նախաձեռնվել և իրականացվել են գնման ընթացակարգեր։
Չի նախաձեռնվել և չի իրականացվել դատական եղանակով հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի գծով առկա ապառքները գանձելու ուղղությամբ որևէ գործողություն (2019 թվականի հոկտեմբերի 23-ի դրությամբ կազմել են 340 միլիոն դրամ)։
Ապարան համայնքի, «Ապարան համայնքի կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ի, «Ապարան համայնքի Արագած կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ի կողմից բազմաթիվ դեպքերով համայնքի ֆոնդային բյուջեի միջոցները ծախսվել են ընթացիկ աշխատանքների իրականացման նպատակով՝ խախտելով «Բյուջետային
համակարգի մասին» ՀՀ օրենքի 282-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջը: 2016-2019թթ. ընթացքում նշված եղանակով իրականացված ծախսերը կազմել են 49,071,2 հազ. դրամ։
2016-17 թվականների ցուցանիշներում 21 համայնքային միավորի մոտ առկա են
անհամապատասխանություններ՝ համայնքապետարանում հողի հարկի և գույքահարկի հաշվառման ավտոմատացված ծրագրերում գրանցված տեղեկատվության և «Client Treasury» վճարային ծրագրով մուտքագրված միջոցների միջև։ Նշված տարբերությունները կարող են պայմանավորված լինել ֆինանսական միջոցների գանձման պարտավորությունների նվազեցմամբ՝ առաջացնելով ֆինանսական ռիսկեր հողի հարկի և գույքահարկի հավաքագրման գործընթացում։
Արձանագրվել են դեպքեր, երբ մատուցված ծառայությունների համարժեքությունը և
արդյունավետությունը վիճարկելի է եղել համայնքապետարանի համար, սակայն կազմակերպությունները դատական ընթացակարգով, դատարանի համապատասխան որոշումներով՝ համայնքի բյուջեից բռնագանձման եղանակով ստացել են նշված գումարները, իսկ համայնքապետարանը և իրավասու պաշտոնատար անձինք քայլեր չեն ձեռնարկել համայնքային շահը պաշտպանելու ուղղությամբ։