«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի օրակարգում այս պահին չկա Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ գործկոմի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Եվրո-2020-ի շրջանակում Իտալիայի հավաքականի կողմից Հայաստանի հավաքականի կրած ոչ ֆուտբոլային հաշվով (1։9), ջախջախիչ պարտությանը:
«Մեղավոր են բացառապես բոլորը, բայց թիվ մեկ պատասխանատուն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, և պետք է 9-1 հաշվով պարտությանը բացատրություն տան: Առայժմ մեր օրակարգում ՀՖՖ նախագահի հրաժարականի հարց չկա, երբ լինի՝ տեղյակ կպահենք»,- ասաց Մկրտչյանը:
Անդրադառնալով մարզչի ընտրությանը գործկոմի միաձայն կողմ քվեարկելուն՝ Մկրտչյանը պատասխանել է, որ անկախ նրանից, թե ով կլիներ առաջադրված թեկնածուն, գործկոմը կողմ էր քվեարկելու, քանի որ Ազգային հավաքական չէր ձևավորվի, և թիմը Հունաստանի և Իտալիայի հետ խաղերում կգրանցեր տեխնիկական պարտություններ՝ 3-0 հաշվով:
Պատգամավորը նշեց, որ վերջին շրջանում ֆեդերացիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Գործկոմը փակ նիստում հայտնել է իր դիրքորոշումը: