ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործունեության շրջանակում անցկացվող «Միասին` ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթում Հայաստանի Հանրապետության 2 ներկայացուցչի աշխատանքները 20 հազար տեսահոլովակների և պաստառների շարքում արժանացել են երկրորդ մրցանակի՝ «Լավագույն պաստառ» և «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում:
«Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում մրցանակի է արժանացել Հայ-ռուսական համալսարանի ուսանողներ Աննա Սարուխանյանի և Լուիզա Մելքոնյանի համատեղ` «Որտեղ խոսում է փողը, այնտեղ լռում է խիղճը» աշխատանքը, որը երկրորդ տեղը կիսել է Հարավաֆրիկյան Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչների հեղինակած հոլովակների հետ: Այս անվանակարգում լավագույնն է ճանաչվել Բելառուսի ներկայացուցչի աշխատանքը:
«Լավագույն պաստառ» անվանակարգում երկրորդ պատվավոր տեղն զբաղեցրել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհի Ոսկեհատ Թադևոսյանի աշխատանքը՝ «Վերջ կոռուպցիային», որն ընդամենը մեկ միավորով է զիջել Ռուսաստանի ներկայացուցչի հեղինակած պաստառին:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Մոսկվայում, դեկտեմբերի սկզբին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ:
Հատկանշական է այն հանգամանքը, որ Հայաստանից ներկայացված աշխատանքները նման արդյունքներ են ապահովել միջազգային այս մրցույթին մասնակցած 10 երկրներից ներկայացված, ընդհանուր առմամբ, ավելի քան 20 000 տեսահոլովակների և պաստառների պայմաններում: Երիտասարդական միջազգային մրցույթում ներգրավված են եղել ոչ միայն ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ երկրները՝ Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, այլև BRICS-ի անդամ երկրները՝ Հնդկաստանը, ՉԺՀ-ն, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Բրազիլիան:
Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազությունը մրցույթի համակազմակերպիչն է: