ՀՀ Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 93 - կողմ, 0 - դեմ և 1- ձեռնպահ ձայներով:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ նույնպես ընդունվեց՝ 99-կողմ, 0- դեմ և 1-ձեռնպահ ձայներով:
ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի կողմից ներկայացված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար դեմ կամ ձեռնպահ պատգամավոր չկար. դրանք հաստատվեցին 100-կողմ, 0-դեմ, 0-ձեռնպահ ձայներով:
Ազգային ժողովում այս պահին շարունակվում է քննարկումը Նարեկ Զեյնալյանի և Հերիքնազ Տիգրանյանի կողմից ներկայացրած՝ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների» նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ հարցի շուրջ: