Այս տարի Հայաստանի տնտեսական աճն ավելի բարձր է լինելու, քան ծրագրված է պետական բյուջում, կամ՝ տարվա սկզբին կանխատեսում էին միջազգային ֆինանսական կառույցները:
Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովայի խոսքով՝ սպասվում է, որ տարին Հայաստանը կփակի մինչև 7 տոկոս տնտեսական աճով, չնայած՝ դեռ ապրիլին հիմնադրամը կանխատեսել էր 4.6 տոկոս տարեկան տնտեսական աճ:
«Գալիք տարվա տնտեսական աճի համար մեր կանխատեսումը, մեծամասամբ, նույնական է Հայաստանի կառավարության կանխատեսման հետ: Այս տարվա համար կանխատեսում ենք 6.5-7 տոկոս աճ, 2020թ․ և միջնաժամկետ հեռանկարի համար աճը կանխատեսում ենք 4.5 տոկոսից 5 տոկոսի շրջակայքում: Կարծում եմ՝ նման կանխատեսումը հիմնավորված է»,- ասել է նա:
Ուստյուգովան ներկայացրել է առավել բարձր տնտեսական պատճառը.«Այս տարվա հայաստանյան տնտեսական աճն ավելին է, քան մենք սպասում էինք: Այո, անցած մեկ տարում մենք վերանայեցինք մեր կանխատեսումները, որովհետև սպառումն ու հատկապես մասնավոր սպառումը Հայաստանում շատ ավելի լայն էր, քան՝ կանխատեսել էինք: Անշուշտ, դրական է, որ տնտեսական ակտիվությունն աճում է, սակայն այդքան էլ լավ չէ, որ նման աճի պատճառը սպառումն է, ոչ թե ներդրումները, որովհետև ներդրումնե՛րն են, որ հիմք են ստեղծում ապագա աճի համար: Ուստի, մարտահրավերները շարունակում են հետևյալը լինել՝ ինչպե՞ս ստեղծել կայուն, երկարատև տնտեսական աճ, այնպիսի աճ, որի հիմքում ընկած կլինեն ավելի շատ ներդրումներն ու արտահանումը, քան՝ սպառումը», - հայտարարեց ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչը:
Հարցին՝ ինչո՞վ է բացատրում ներդրողների պասիվությունը, նա պատասխանել է, որ անցած տարի Հայաստանն անցումային փուլում էր: Մի փուլում, երբ իշխանությունները դեռ աշխատում էին ռազմավարությունների, առաջնահերթությունների ուղղությամբ, որոնք ապագայում առաջ են մղելու տնտեսությունը: Այդ իսկ պատճառով ներդրողների մոտ սպասողական մոտեցում է: Որոշ ներդրողներ վերաիմաստավորում են իրենց ներդրումները տարածաշրջանային համատեքստում»։
Ինչ վերաբերում է հայաստանյան տնտեսության վիճակին՝ անցած տարվա թավշյա հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածում, Յուլյա Ուստյուգովան նկատել է, որ անցած երկու տարիներին Հայաստանում մակրոտնտեսական իրավիճակը կայուն էր, ՀՆԱ-ն աճել է, գնաճը մեղմ էր, ֆինանսական սեկտորը դիմադրողականություն է ցուցաբերել, վարկերի աճը նպաստել է տնտեսական ակտիվությանը, հարկային մուտքերն աճել են:
Շարունակությունը՝ այստեղ: