ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Դոհա պաշտոնական այցի նախօրեին, Կատարի Պետության արտաքին գործերի նախարարությունում անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության արտգործնախարարությունների միջև։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակության կազմում էին նաև ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանը և Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը։ ԿՊ արտաքին գործերի պետնախարար Սուլթան բին Սաադ Ալ-Մուրեյխիի (Sultan bin Saad Al-Muraikhi) գլխավորած պատվիրակության կազմում էին Ասիայի հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Խալեդ Իբրահիմ Ալ Համարը (Khalid Ibrahim Al-Hamar), ԿՊ ԱԳՆ այլ պաշտոնյաներ։
Ողջունելով հյուրերին՝ Կատարի ԱԳ պետնախարարը գոհունակությամբ նշել է երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, որի վկայությունն է ՀՀ նախագահի նույն օրը մեկնարկող այցը Կատարի Պետություն, ինչպես նաև՝ Դոհայում ՀՀ դեսպանության հիմնադրումը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նույնպես կարևորել է քաղաքական երկխոսության ընձեռած նման հնարավորությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և գլոբալ առկա խնդիրներին, զարգացումներին և դրանց շուրջ կողմերի դիրքորոշումներին։
Պետնախարարի հետ ունեցած հանդիպումից հետո հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև ԿՊ ԱԳՆ՝ Ասիայի հարցերով փոխնախարար Խալեդ Իբրահիմ Ալ Համարի հետ։ Զրուցակիցներն առանձնացրին առաջիկա ժամանակահատվածի համար համագործակցության զարգացման կարևոր ուղղությունները։