Երևանի փողոցներում, հատկապես փոքր կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, Գլխավոր պողոտայում և գրեթե ամեն քայլափոխի, հանդիպում ես ավտոմեքենաների կամ կցորդների, որոնցից վաճառվում են սնունդ, ըմպելիքներ, հուշանվերներ: Օրենսդրությամբ խնդիրը կարգավորված չէ, և այդ պատճառով էլ մշակվել և արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ մշակված օրինագիծը նախատեսում է, որ քաղաքապետը շարժական կրպակներին կտրամադրի թույլտվություն, համայնքի ավագանին էլ կսահմանի՝ որտե՞ղ, ի՞նչ ձևով և ի՞նչ ապրանքներ կվաճառվեն կամ ի՞նչ ծառայություններ կմատուցվեն: Կարևոր շեշտադրում՝ խոսքը ոչ թե արգելելու, այլ կանոնակարգելու մասին է:
Թույլատրելի վայրերի հետ միաժամանակ կսահմանվեն նաև այն տարածքները, որտեղ կարգելվի շրջիկ առևտուրը: Ասենք, օրինակ՝ կենտրոնական հրապարակների, պատմամշակութային շենք-շինությունների և կրթական հաստատությունների, մասնավորապես՝ դպրոցների մոտ առևտրի շրջիկ կետեր չեն լինի:
Ընդամենը 3 ամիս առաջ Երևանում գույքագրվել էր շրջիկ առևտրով զբաղվող 47 կետ, այսօր դրանց թիվը շուրջ 70 է: Սակայն շատ դեպքերում ոչ բոլորը կետերը կարելի է շրջիկ անվանել:
Շարժական սրճարանների միությունն օրենքին կողմ է, սակայն ունեն նաև դիտողություններ:
Տնտեսավարողների միջև ստեղծել հավասար մրցակցային պայմաններ և բացառել կոռուպցիոն ցանկացած դրսևորում՝ սա է քաղաքային իշխանության նպատակը: Հենց դրա համար էլ քաղաքապետարանն առաջարկելու է, որպեսզի ընտրությունը, թե որ տնտեսավարողը որտե՛ղ պետք է կայանի, լինի հատուկ էլեկտրոնային հարթակի միջոցով:
Շրջիկ առևտրի մեքենաների համար առանձնացված վայրերը կգծանշվեն և կկահավորվեն, կայանած ցանկացած այլ մեքենա կտարհանվի: Կսահմանվի նաև տեղական տուրք՝ ամիսը մինչև 50 հազար դրամի չափով: Սակագները կենտրոնում և ծայրամասերում կլինեն տարբեր:
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը դեկտեմբերին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Մինչ այդ քաղաքային իշխանությունը ևս մեկ անգամ կհանդիպի տնտեսավարողների հետ՝ ներկայացնելու փոփոխություններն ու քննարկելու խնդրահարույց կետերը: Հնարավոր է, որ 2020 թ. հունվարին օրենքն ընդունված լինի:
Քաղաքային իշխանությունը հորդորում է տնտեսավարողներին՝ սպասել օրենսդրական կարգավորումներին և խուսափել ավելորդ ծախսերից: