Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» տարածաշրջանային համաժողովին:
Իր ելույթում Տ. Ավինյանը նշել է, որ ՊԵԿ-ում իրականացվող ցանկացած ծրագիր գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում:
Նրա խոսքով՝ առևտրային գործընթացների թվայնացումը և տվյալների թվայնացված փոխանակումը մաքսային մարմինների միջև ժամանակի պահանջն են, ինչի հավուր պատշաճի իրականացումը կհանգեցնի առևտրի դյուրացմանը և հնարավորություն կտա ավելի արդյունավետ կերպով կառավարելու առկա սահմանային ռիսկերը:
«Այս առումով էական է պետական կառույցների, մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների և տարածաշրջանային երկրների մաքսային մարմինների միջև սերտ և փոխշահավետ համագործակցությունը: Պատահական չէ, որ այսօրվա համաժողովի մեկնարկը կտրվի ՀՀ ՊԵԿ-ի և Վրաստանի եկամուտների ծառայության և ՀՀ ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ծառայության միջև երկկողմ փաստաթղթերի ստորագրմամբ, ինչը գալիս է հավաստելու, որ միջսահմանային համագործակցությունը վերոնշյալ ոլորտում կարող է հանգեցնել տարածաշրջանում դրական փոփոխությունների՝ ծառայելով պետության զարգացմանը և, ինչու ոչ, նաև արտաքին կապերի ամրապնդմանը»,- ասել է Տ.Ավինյանը:
Նա նշել է, որ Հայաստանի Կառավարությունը մեծապես խրախուսում է թվայնացման և արդիականացման ուղիով շարժվող պետական մարմինների գործունեությունը: «Պետական եկամուտների կոմիտեն այս ուղղությամբ արդեն իսկ արձանագրել է մեծ ձեռքբերումներ, ինչպիսիք են՝ արտաքին առևտրի «մեկ պատուհան» համակարգը, որն ապահովում է մի շարք մաքսային ընթացակարգերի ավտոմատացում, այլ գերատեսչությունների կողմից տրամադրվող մի շարք թույլատրական փաստաթղթերի ավտոմատացված ստացում, ինչպես նաև այլ երկրների մաքսային մարմինների հետ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման կազմակերպումը։ ՊԵԿ-ը կանգ չի առնում նշված հաջողությունների վրա և արդեն իսկ իրականացնում է հավակնոտ նախագծեր մեքենայացված ուսուցման, մեծ տվյալների վերլուծության և արհեստական բանականության գործիքակազմի ներդրման ուղղությամբ։ Թվարկված բոլոր քայլերը մեծապես ուղղված են անդրսահմանյան առևտրի թվայնացմանը և քայլ առաջ են դեպի անթուղթ առևտուր։ Կարծում եմ՝ այս երկու օրերի ընթացքում կհասցնեք անդրադառնալ, ծանոթանալ նշված լուծումներին և ավելի խոր վերլուծել դրանք ներկա փորձագիտական հանրության հետ»,- ընդգծել է Տ.Ավինյանը:
Նշենք, համաժողովի ընթացքում երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև: