Բելառուսում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ՝ առանց ընդդիմության մասնակցության:
Թեկնածուների գրանցման և քարոզչության ընթացքում իշխանությունները ընդդիմության 33 թեկնածուներին զրկեցին ընտրություններին մասնակցելու իրավունքից՝ պատճառաբանելով նրանց կողմից թույլ տրված ընտրական օրենսդրության խախտումները: 110-ից միայն երկու ընդդիմադիր թեկնածու է պատգամավորի մանդատ ստացել: Վերլուծաբանների կարծիքով՝ այս ընտրությունները հետաքրքիր չէին ընտրազանգվածին, քանի որ անտեսվել է իրենց կարծիքը:
«Նախագահի համար ինչ տարբերություն՝ խորհրդարանում կլինի երեք-չորս կատաղած ընդդիմադիր, թե՞ ոչ: Միևնույն է՝ նրանք չեն որոշելու խորհրդարանի ու, հատկապես, երկրի քաղաքականությունը»,- այսպես է արտահայտվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների մասին:
Չնայած կիրակի պաշտոնական բելառուսական ԶԼՄ-ները տարածել են ընտրական գործընթացների կազմակերպման վերաբերյալ ԱՊՀ դիտորդների դրական հայտարարությունները, ընդդիմությունը ներկայացրել է 600-ից ավելի խախտում: ԵՄ-ն էլ արդեն երկար տարիներ հայտարարում է, որ Բելառուսում նախագահական և խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:
Նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Բելառուսի ընտրությունները չճանաչելու Արևմուտքի դիրքորոշումը: Հաջորդ տարի հանրապետությունում անցկացվելու են նախագահական ընտրություններ, և ինքը մտադիր է նորից ներկայացնել իր թեկնածությունը: