Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային, որը Հայաստանում մասնակցում է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովին:
Վարչապետը ողջունել է Կունիո Միկուրիայի այցը մեր երկիր և մասնակցությունը համաժողովին, ինչը վկայում է Հայաստանի Կառավարության և Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև արդյունավետ համագործակցության մասին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ փոխգործակցությունը նպաստում է Հայաստանում մաքսային բարեփոխումների, ՀՀ մաքսային ծառայության գործունեության արդյունավետությանը և մաքսային ոլորտում կարողությունների զարգացմանը: Վարչապետի խոսքով՝ ՀՀ Կառավարությունը մաքսային ոլորտում լուրջ բարեփոխումներ է իրականացնում, որոնք միտված են էական փոփոխությունների արձանագրմանը և գործարար միջավայրի համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:
Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը վերահաստատել է ՀՀ Կառավարության հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Նա կարևորել է Երևանում տարածաշրջանային մաքսային փոխգործակցության հնարավորություններին նվիրված համաժողովի անցկացումը և ողջունել է Հայաստանում մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումները, արձանագրված առաջընթացը, որոնց ծանոթացել է համաժողովի ընթացքում: Կունիո Միկուրիայի խոսքով՝ որպես ՏՏ ոլորտում լուրջ ներուժ ունեցող երկիր՝ Հայաստանի տեխնոլոգիական հաջողությունները կարող են ոգևորիչ լինել կազմակերպության անդամ մյուս երկրների համար:
Զրուցակիցները քննարկել են հարկային և մաքսային ոլորտում բարեփոխումների շրջանակում գործակցությանը, «մեկ պատուհանի» սկզբունքի շարունակական ներդրմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման կարևորությանը վերաբերող հարցեր: Խոսելով Կառավարության բարեփոխումների մասին՝ վարչապետն անդրադարձել է Գյումրիում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ստեղծմանը, որտեղ «մեկ պատուհանի» սկզբունքով իրականացվելու են և՛ մաքսային, և՛ արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող պետական գործառույթները: Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը ողջունել է Կառավարության բարեփոխումները և փորձագիտական, մասնագիտական օժանդակության պատրաստակամություն հայտնել: Երկուստեք կարևորվել են մաքսային գործառույթները, որոնք կխթանեն տնտեսական ակտիվությունը նաև մարզերում:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՀՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների 2020-2021 թթ. համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորության շուրջ: