Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խստորեն քննադատել է ցուցարարներին, որոնք բողոքում են բենզինի թանկացման դեմ: Նա այդ ելույթները կոչել է «սադրանք», որը կազմակերպել են Իսլամական Հանրապետության թշնամիներն ու հակահեղափոխականները:
Reuters գործակալությունը, հենվելով Իրանի ՆԳՆ-ի տվյալների վրա, հայտնում է, որ իրավապահների հետ բախումներից զոհվել է երկու քաղաքացի, մեկը՝ ոստիկան: ՏԱՍՍ-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հայտնում է ավելի քան 20 զոհի մասին: Իրանի անվտանգության խորհուրդը որոշել է անջատել երկրում ինտերնետի հասանելիությունը:
Ցույցերն Իրանում սկսվեցին ուրբաթից, երբ կառավարությունը կրճատեց վառելիքի սուբսիդիաները և գազի գինը բարձրացրեց մոտ երկու անգամ: Իշխանությունը բացատրել է, որ խնայողություններն ուղղվելու են նյութական օգնության կարիք ունեցողներին: Մի շարք քաղաքներում ցույցերն ուղեկցվում են հակակառավարական կարգախոսներով և Իսլամական հեղափոխության խորհրդանիշների ոչնչացմամբ: