Թբիլիսիի Ռուսթավելու պողոտան գիշերը փակ է եղել: Ցուցարարները, հետևելով ընդդիմադիր առաջնորդների հորդորներին, չնայած ցուրտ եղանակին, չեն լքել խորհրդարանի հարակից տարածքը։ Վրաններ են տեղակայվել, խորհրդարան տանող ցանկապատներին էլ կողպեքներ կախվել, ինչպես ցուցարարներն են ասում՝ ի նշան տվյալ կառույցի անգործության։
Ավելի վաղ ընդդիմադիր ուժերը հայտնել էին «խորհրդարանի ամբողջովին շրջափակման» մտադրության մասին։ Ձիտաձե փողոցի կողմից դեպի խորհրդարանի բակ տանող դարպասներին կողպեքներ է կախել Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, որը հայտարարել էր, որ երկուշաբթի ոչ մի պատգամավոր չի կարող մուտք գործել օրենսդիր մարմնի շենք: