Իտալիայի դեմ խաղին պատրաստ ենք, դուրս ենք գալու դաշտ՝ առավելագույնին հասնելու համար: Այդ մասին Իտալիայում կայացած նախախաղային ասուլիսում հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
«Հունաստանի դեմ խաղից հետո մի քանի օր ունեինք վերականգնվելու և պատրաստվելու համար: Կփորձենք խաղալ կազմակերպված ֆուտբոլ, դիմակայել Իտալիայի հավաքականին և, խաղային իրավիճակից ելնելով, գրոհել և հակագրոհել»,- նշել է Խաշմանյանը:
Նա հայտնել է, որ այսօրվա խաղին գործելու են 5 պաշտպանով, քանի որ այլ ընտրություն չունեն, կան կադրային կորուստներ:
«Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա նա հավաքականի ոգին է, բայց, ցավոք, միայն նա չէ, որ բաց է թողնում այս խաղը, կան նաև այլ կրեատիվ խաղացողներ, որոնք նույնպես չեն մասնակցի Իտալիայի դեմ խաղին:
Խաշմանյանն ասել է, որ Իտալիան պրոֆեսիոնալ հավաքական է՝ ոչ միայն Եվրոպայի, այլև աշխարհի լավագույն հավաքականներից մեկը: