ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին:
Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի և Գերմանիայի, մասնավորապես նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ բավական լուրջ և գործընկերային հարաբերություններ կան, ինչի մասին են վկայում վերջին շրջանում ամենաբարձր մակարդակի ակտիվ փոխայցերը: Աժ նախագահը ողջունել է Գերմանիայի կողմից ֆինանսավորվող կամ տեխնիկական աջակցություն ստացող զանազան ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությանը և Հայաստանի զարգացմանն առհասարակ: Արարատ Միրզոյանը հերթական անգամ հավաստել է, որ Հայաստանի իշխանությունները վճռական են ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին, և որևէ հետքայլ չի լինելու այս առումով: Նա նշել է, որ Հայաստանը շարունակելու է նաև իր ջանքերը՝ համաշխարհային անվտանգության ամրապնդման ուղղությամբ և այս առումով կարևորել է Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցությունը ՆԱՏՕ-ի՝ «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:
Աժ նախագահը ողջունել է Բունդեսթագի տարբեր պատգամավորների այցերը Լեռնային Ղարաբաղ, ինչը շատ լավ հնարավորություն է տեղում խնդրին ծանոթանալու, և ընդգծել է, որ անկախ ԼՂ խնդրի լուծված չլինելուց՝ Հայաստանը շարունակելու է պաշտպանել այնտեղ ապրող մարդկանց իրավունքները:
Կողմերը խոսել են կրթական զանազան ծրագրերի, երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված լավ ավանդույթների մասին:
«Վստահ եմ, որ մեր երկրների և մեր խորհրդարանների միջև հարաբերությունները կշարունակեն կտրուկ զարգանալ, և Դուք Ձեր ավանդը կունենաք այդտեղ: Հաջողություն եմ մաղթում Ձեզ»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Դեսպան Բանցհաֆը նշել է, որ ուրախ է Հայաստանում գտնվելու և աշխատելու համար:
«Լիահույս եմ, որ կշարունակենք մեր լավ համագործակցությունը: Դուք նշեցիք գերմանա-հայկական համագործակցության մեծ ներկապնակ, որին ես ևս կցանկանամ անդրադառնալ: Դուք իրավացիորեն նշեցիք արդյունավետ համագործակցության մասին, որն է՛լ ավելի է զարգացել թավշյա հեղափոխությունից հետո: Դուք նշեցիք նաև բարձրաստիճան այցերի մասին, որոնք ավելի են ամրապնդել կապերը»,- ասել է դեսպանը՝ հայտնելով, որ հաջորդ տարի նախատեսվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի այցը Հայաստան:
Միխայել Բանցհաֆը նշել է, որ իր կարճատև այցի ընթացքում արդեն տեսել է, թե որքան մեծ է հայ ժողովրդի կամքը՝ ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու ուղղությամբ, իսկ այդ բարեփոխումների ընթացքում մեծ դեր է վերապահված խորհրդարանին, և Գերմանիան պատրաստ է փորձագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանի պատգամավորներին:
«Կարծում եմ, որ մոտ ապագայի մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը բավական լի է, բավական ծանրակշիռ և թույլ կտա մեզ արդյունքներ գրանցել: Ուրախալի է Հայաստանի որդեգրած ժողովրդավարական կուրսը, ժողովրդավարական բարեփոխումները. դա Հայաստանը մեկ աստիճանով բարձրացնում է համաշխարհային հարթակի վրա գտնվող տարբեր պետություններից, որտեղ միտումները ավելի ավտորիտար համակարգին անցումն է: Հայաստանը ներկայի այն եզակի օրինակներից է, որը հաստատակամորեն գնում է ժողովրդավարացման ճանապարհով և որը արժանի է մեր աջակցությանը»,- ընդգծել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը: