Վաշինգտոնը ցանկանում է թարմացնել Փհենյանի հետ ապամիջուկայնացման բանակցությունները, և այդ համատեքստում Սպիտակ տան ղեկավարն իր երկարատև դաշնակից Տոկիոյից պահանջել է քառապատկել ճապոնիայում ամերիկյան ռազմական ներկայության վճարը:
Թեմային անդրադարձել է Foreign Policy պարբերականը՝ շեշտելով, որ ամերիկյան 50 հազարանոց զորակազմի՝ Ծագող արևի երկրում ներկայությունն ապահովելու և ամբողջ ծախսը հոգալու համար պաշտոնական Վաշինգտոնը Ճապոնիայից տարեկան 2 միլիարդի փոխարեն 8 միլիարդ դոլար է պահանջել:
Ի դեպ, գործող համաձայնագիրն իրավական ուժը կորցնում է 2021 թվականի մարտին: Ճապոնիայի իշխանություններին այս պահանջը ներկայացվել էր հուլիսին՝ Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարած այցի ժամանակ, երբ վերջինս դեռևս ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդականն էր: Foreign Policy-ն գրում է, որ ամերիկյան պաշտպանության համար Միացյալ Նահանգների շատ դաշնակիցներ են ենթարկվում Վաշինգտոնի ճնշումներին: Նշվում է նաև, որ նման պահանջ ներկայացվել է ոչ միայն Տոկիոյին, այլև՝ Սեուլին: Ըստ պարբերականի՝ Հարավային Կորեան էլ պետք է հինգ անգամ ավելի շատ գումար վճարի երկրում ամերիկյան ռազմական ներկայության և 28.500 ամերիկացի զինվորականների կարիքները հոգալու համար: Ներկայում Հարավային Կորեան ԱՄՆ-ին 1 մլրդ դոլար է վճարում:
Շատ փորձագետների հավաստմամբ՝ ասիական դաշնակից երկրների վրա Վաշինգտոնի կողմից շարունակվող և առավել ինտենսիվ դարձած ճնշումները լարվածություն կառաջացնեն Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, ինչը կարող է Վաշինգտոնի ասիացի դաշնակիցներին ավելի մոտեցնի Չինաստանին ու Հյուսիսային Կորեային: