Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն Ուկրաինա կատարած աշխատանքային այցի առաջին օրը խորհրդարանում հանդիպել է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խմբի ներկայացուցիչների հետ:
Կարևորելով երկու պետությունների միջև նման ձևաչափով համագործակցությունը` Զարեհ Սինանյանը նշել է, որ հայ-ուկրաինական կապերը խարսխված են ավանդական բարեկամության վրա, հայ համայնքն ինտեգրված է իր բնակության երկրի կյանքին, գործում և արարում է` փորձելով պահպանել ինքնությունը: Հանձնակատարն ընդգծել է Ուկրաինայի հայ համայնքի ներդրումը երկու ժողովուրդների հարաբերությունների զարգացման գործում:
Պատգամավորներն իրենց ոգևորությունն են հայտնել միջխորհրդարանական նման համագործակցության մեկնարկի առթիվ, խոսել են հայ համայնքի, ընդհանրապես հայկական սփյուռքի ու նրա առանձնահատկությունների մասին:
Հանդիպումների շարքը շարունակվել է Սրբոց նահատակաց մատուռ այցելությամբ: Գլխավոր հանձնակատարն Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի հետ շրջել է մատուռի տարածքում, ծանոթացել Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ կառուցվող
եկեղեցու շինարարական աշխատանքների ընթացքին: Թեմական առաջնորդի հետ զրույց ծավալվել է համայնք-եկեղեցի կապի, իրականացվող միջոցառումների և համայնքի կյանքում եկեղեցու դերի շուրջ:
Այնուհետև Զարեհ Սինանյանն այցելել է նաև հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարին, որը տեղադրվել է Կիևի հայ համայնքի կողմից:
Այսօր արդեն հանձնակատարը մասնակցելու և ելույթ է ունենալու հայ երիտասարդության միության կազմակերպած Հայկական երիտասարդական ֆորումում: