ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով կմեկնի Կատարի Պետություն: Կատարի էմիրի դիվանում տեղի կունենա ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թանիի հանդիպումը:
Նախագահ Արմեն Սարգսյանը կհանդիպի նաև Կատարի հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ-Թանիի, Կատարի վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ-Թանիի, ինչպես նաև՝ Կատարի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաև Հայաստանի նախագահի այցելությունն Իսլամական արվեստի թանգարան:
Մայրաքաղաք Դոհայում նախագահ Սարգսյանը կայցելի Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի էմիրի նախորդ հանդիպումների գործնական արդյունքներից մեկն էլ Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումն է, որը տեղի ունեցավ Կատարի Պետության Էմիրի և կառավարության գործուն աջակցությամբ՝ ի նշան Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ հարգանքի և համակրանքի։
Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կմասնակցի նաև Դոհայում անցկացվելիք «Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողով»-ին և հանդես կգա ելույթով: «Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողով»-ը միջազգային նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել կրթությունը նորարարության միջոցով: Այն հիմնադրվել է Կատարի հիմնադրամի կողմից: Գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 100 երկրների պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: