Այսօր ՀՀ ազգային հերոս, Արցախյան ազատամարտի մասնակից Գեղազնիկ Միքայելյանի ծննդյան օրն է։ Միքայելյանը ծնվել է 1951թ. նոյեմբերի 16-ին՝ Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետ ստացել է գյուղատնտեսի կրթություն։
Գեղազնիկ Միքայելյանը Աշտարակի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատարն էր, և բոլորն են միաբերան պնդում, որ մշտապես աչքի է ընկել ոչ միայն իր քաջությամբ, այլև ռազմական տեխնիկային և հրամանատարական հմտություններին տիրապետելու առանձնահատուկ ձիրքով:
Արցախյան ազատագրական պատերազմի առաջին իսկ օրերից Միքայելյանը մասնակցել է Գորիսի (Կոռնիձոր), Մեղրիի (Նյուվադի), նախկին Նոյենբերյանի (Ոսկեպար), Իջևանի, Արարատի (Երասխ) շրջանների ինքնապաշտպանական մարտերին:
Ցավոք, Գեղազնիկ Միքայելյանը զոհվեց ո՛չ թշնամու գնդակից: Պաշտոնական բացատրությամբ՝ Արցախյան հերոսը զոհվել է 1990-ի օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը, Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջանի բենզակայանին հարակից տարածքում, որտեղ ժամանել էր Արցախյան մեկ այլ հերոսի՝ Վիտյա Այվազյանի հետ միասին, «Հայ Ազգային բանակի» զինյալների հետ օրվա իշխանության անունից բանակցելու նպատակով: Դարձյալ պաշտոնական վարկածի համաձայն՝ մեքենայից իջնելուն պես ՀԱԲ-ի զինյալները կրակահերթ էին արձակել, որի հետևանքով էլ Գեղազնիկ Միքայելյանն ու պատգամավոր Վիտյա Այվազյանը մահացել էին:
Գեղազնիկ Միքայելյանը, որ արմատներով Սասունի Գելիեգուզան գյուղից էր, իր վերջին հանգիստը գտավ Աշտարակի Սասունիկ գյուղում: Նա հետմահու ստացել է ՀՀ Ազգային հերոսի կոչում, պարգևատրվել է ՀՀ բարձրագույն՝ «Հայրենիք» շքանշանով: