Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Արցախյան հերոս Ռոբերտ Աբաջյանը կդառնար 23 տարեկան:
Ռոբերտ Աբաջյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 16-ին՝ Երևանում: 2003 թվականին ընդունվել է Երևանի թիվ 147 հիմնական դպրոց, որն ավարտել է 2012 թվականին։ 2012 թվականին ընդունվել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ։ Քոլեջն ավարտել է 2014-ին՝ ատամնատեխնիկի որակավորմամբ։ 2014 թվականին ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ: Պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2014/2 զորակոչով՝ Արաբկիրի ԶԿ-ից։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է կրտսեր սերժանտի կոչում, զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին՝ Քառօրյա պատերազմում Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս: Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին, Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով, հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ և «Ոսկե արծիվ» շքանշանով:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակում ծավալեցին։ Սկզբնապես հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ուժերն անցան գրոհի: Շուրջ 300 հոգուց բաղկացած խմբերը, տանկերով զինված, փորձեցին գրավել հայկական դիրքերը։
Վաշտի հրամանատար՝ ՀՀ ԶՈԻ կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարությամբ՝ վեց հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության, երկու անգամ հաջողությամբ հետ շպրտելով թշնամու լայնածավալ հարձակումները՝ այդ ընթացքում խոցելով նաև թշնամու մեկ տանկ։ Անհաջող հարձակման փորձից հետո թշնամին հետ է քաշվում և կրկին սկսում հրետանակոծել հայկական դիրքերը։ Արկերից մեկի պայթյունից շուտով զոհվում են կապիտան Ուրֆանյանը և գնդացրորդ Քյարամ Սլոյանը։
Վաշտի հրամանատարի մահվանից հետո ոտքից վիրավորված Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունն իր ձեռքն է վերցնում և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է՝ զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը կողքի միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ միասին նահանջում է դեպի դիրքային կացարան։ Ցավոք, արյունահոսությունից շուտով մահանում է Զոհրաբյանը, իսկ Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ՝ միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։
Նկատելով իրեն մոտեցող թշնամուն՝ Աբաջյանը վերջին անգամ է կապի դուրս գալիս՝ հաղորդելով, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակն ու պատրաստ սպասում է, որպեսզի մոտեցող հակառակորդի հետ միասին պայթեցնի նաև իրեն՝ ոչ մի դեպքում չհանձնվելու պայմանով:
Տեսնելով մոտեցող հակառակորդին՝ Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնելով՝ ձևացնում է, որ հանձնվում է: Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան՝ Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։
Արդեն ապրիլի 8-ին, կողմերի միջև նախապես ձեռքբերված պայմանավորվածությամբ, իրականացվում են զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներ, որի արդյունքում հայկական կողմը հայտնաբերում է Աբաջյանի և Զոհրաբյանի դիերը: