Լիբանանյան «Հըզբոլլահ»-ի գործադիր խորհրդի փոխնախագահը հայտարարել է, որ իրենք կտրուկ մերժում են Լիբանանի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունը և թույլ չեն տա, որ շահարկելով ժողովրդի պահանջները՝ Վաշինգտոնը դրանք ծառայեցնի երկրում իր կամեցած փոփոխությունների հաստատմանը:
«ԱՄՆ-ը և նրա դրածոները փորձում են հասարակության մեջ խառնակչություն հրահրելով, ճանապարհները փակելով, երկիրը կաթվածահար անելով ու ժողովրդի նկատմամբ ճնշում գործադրելով՝ իրագործել ապագա կառավարության հետ կապված իրենց քաղաքական նպատակները»,- ասել է շեյխ Ալի Դամոշը՝ շեշտելով, որ Լիբանանի բանկերի դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցները և առհասարակ այդ երկրի դեմ ճնշումների կիրառումը Լիբանանում հանգեցրել են ֆինանսական ճգնաժամի: