ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու գործի շրջանակում, վկայություն է տվել այս տարվա մայիսին Ուկրաինայում դեսպանի պաշտոնից ազատված Մարի Յովանովիչը: Վերջինս հետ էր կանչվել Վաշինգտոն այն բանից հետո, երբ հայտարարել էր, թե Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին «կեղտոտ պայքար է սկսել իր դեմ»:
Ուղիղ եթերով հեռարձակվող լսումների ընթացքում Հետաքննության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն իր հերթին ավելի առաջացավ՝ հայտարարելով, թե Յովանովիչի դեմ «կեղտոտ արշավի հեղինակը հենց ինքը՝ Թրամփն է»: Ասվածը հաստատելու համար նա մեջբերեց Թրամփի թվիթերյան գրառումն այն մասին, որ «դեսպան Յովանովիչը որտեղ եղել է՝ աշխատանքը տապալել է»: Ավելին՝ հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ այժմ ԱՄՆ դատախազները հետաքննություն են սկսել Ջուլիանիի հետ կապված ֆինանսական խախտումների մասով:
Չնայած լսումներին զուգորդված և հայտնի CNN հեռուստաալիքով սփռվող փորձագիտական պնդումներն ի հայտ բերին այն փաստը, որ երկիրը մեծապես պառակտված և տարակարծիք է նախագահ Թրամփի անհապաղ պաշտոնանկության հարցում, դեմոկրատները հույս ունեն, որ Կոնգրեսի լսումների ուղիղ հեռարձակումը կարող է հանրային մեծ աջակցություն ապահովել իրենց համար և «փրկել երկիրը Թրամփից»:
Նրանք հիշեցնում են Ռիչարդ Նիքսոնի նախադեպը, երբ վերջինս հրաժարվեց իր պաշտոնից 1974 թվականին՝ նախքան իմփիչմենթի ենթարկվելը, քանի որ հանրային բացասական կարծիքն այլևս անհնար էր թաքցնել: Մյուս կողմից՝ առկա է նաև դեմոկրատ Բիլ Քլինթոնի նախադեպը, երբ Սենատը չկարողացավ նրան իմփիչմենթի ենթարկել, քանի որ հասարակության մեծ մասը մերժեց նման հրամայականը: