Իրավապահները անզիջում և խիստ պայքար են մղում ապօրինի ծառահատումների դեմ։ Ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն ամեն օր իրականացնում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` անտառահատումների դեպքեր բացահայտելու ուղղությամբ։ Այն մարզերում, որտեղ շատ են անտառածածկ հատվածներն ու ապօրինի ծառահատումների ռիսկը, իրականացվում են տարբեր այլ միջոցառումներ ևս։
Արդեն տևական ժամանակ է, ինչ Տավուշի մարզի անտառածածկ հատվածներում տեղադրված են ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցներով համալրված պահակետեր։ Ամեն օր՝ 24 ժամ, ստուգվում են կասկածելի մեքենաները, հայտնաբերվում են ապօրինի հատված փայտանյութ, հարուցվում են քրեական գործեր։
Տավուշի մարզում միայն այս տարվա հուլիս-նոյեմբեր ամիսներին հայտնաբերվել է 1091 խմ ապօրինի փայտանյութ, որով պետությանը պատճառվել է շուրջ 265․000․000 դրամի նյութական վնաս։
Ոստիկանության Դիլիջանի, Տավուշի, Նոյեմբերյանի և Իջևանի բաժինների ծառայողները գրեթե ամեն օր բացահայտում են ապօրինի ծառահատումների դեպքեր։
Կադրում երևացող քաղաքացիական հագուստով ծառեր տնկողները ոստիկաններ են։ Նոյեմբերի 14-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության ու ենթակա տարածքային բոլոր բաժինների շուրջ 120 ծառայողներ Թեղուտ գյուղի հարակից տարածքում տնկել են 1000 ծառ։
Ոստիկանության նախաձեռնությամբ ու բնապահպանության նախարարության աջակցությամբ իրականացված միջոցառման շնորհիվ Դիլիջան ազգային պարկի այս հատվածը տարիներ անց կունենա իր երբեմնի սաղարթախիտ տեսքը։
Ապօրինի ծառահատումների դեպքեր հայտնաբերելուց զատ՝ այս քայլով ոստիկանները փորձեցին ինչ-որ չափով վերականգնել անտառին հասցված վնասը։
Տավուշի ոստիկանները շարունակելու են անզիջում պայքար մղել ապօրինի ծառահատումների դեմ։