Վաշինգտոնում գտնվող հայ-ամերիկյան բարեկամության խմբի անդամները հանդիպումները սկսել են AJC հրեական լոբբիստական կառույցում։ Ամերիկյան խոշորագույն հրեական միություններից մեկի հետ աշխատանքային քննարկումից բացի, օրենսդիր Լիլիթ Մակունցի գլխավորած պատվիրակության անդամները շփումներ են ունեցել նաև օրենսդիրներ Դևիդ Սիսիլինիի ու Քրիս Սմիթի հետ: Լիլիթ Մակունցը հանդիպել է նաև սենատոր Ռոբերտ Մենենդեսի հետ։ Հայկական պատվիրակությունն այցելել է Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհուրդ, իսկ մարշալի գերմանական հիմնադրամի վաշինգտոնյան գրասենյակում տեղի է ունեցել Հայաստանի վերաբերյալ խորհրդաժողով ամերիկյան փորձագիտական շրջանակների, ամերիկահայերի, նաև ադրբեջանցի դիվանագետների ներկայությամբ։ Հայկական կողմը ներկայացրել է վերջին մոտ երկու տարում Հայաստանի զարգացումները, հակակոռուպցիոն ու դատական բարեփոխումների թեմաները։ Հարևան հանրապետության ներկայացուցիչներն էլ, ինչպես սպասելի էր, խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։